«Թշնամին իր ձեռագիրը փոխել չի պատրաստվում». ԱՀ ԱԺ պատգամավորը` անելիքների մասին
Հունիսի 28-ին Ադրբեջանի կազմակերպած ռազմական սադրանքն իր` մեզ համար ողբերգական հետևանքներով փաստում է, որ թշնամին իր ձեռագիրը փոխել չի պատրաստվում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։
«Այն փորձությունները, որոնք մեզ դեռ սպասում են առջևում, ավելի նենգ են լինելու, և, անկախ ամեն ինչից, պետք է աշխատենք հաղթահարել դրանք։ Ճիշտ է, այսօրվա կորստի ցավը շատ խորն է, այսօր զոհվել է նաև իմ հայրենի Բերձոր քաղաքից զինծառայող, և մեր անմեղ զոհեր ունենալու փաստը ողջ հայությանը պատճառել է մեծ ցավ։ Անկախ ամեն ինչից` պետք է կամք, համբերատարություն, հստակ գիտակցում, որ թշնամու նենգությունը բազմաշերտ է»,-նշել է Կ. Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի արդյունքում մենք զիջել ենք ռազմավարական, մարտավարական բոլոր հնարավորություններն այն երաշխիքի դիմաց, որ ռուս խաղաղապահները գալու են Արցախ և ապահովելու են ինչպես տեղի հայ ազգաբնակչության անվտանգությունը, այնպես էլ նրանց անվտանգ ու անխափան երթևեկությունը դեպի Մայր Հայաստան։
«Սակայն այս ողջ ժամանակահատվածում մենք ականատես ենք լինում բազմաթիվ դեպքերի, երբ ռուս խաղաղապահները, կարծեք, չեն կարողանում իրականացնել իրենց վրա վերցրած գործառույթը, ինչի արդյունքում տուժում ենք մենք, տուժում է հայ ազգաբնակչությունը, լացում են մեր մայրերը, քույրերը, և, հետևաբար, կարծես թե մի անելանելի պարկի մեջ ենք հայտնվել, որը ուղղակիորեն հետևանքն էր մեզ խաբելու։ Քանի որ եթե մենք ունենայինք այն մարտավարական ու ռազմավարական հնարավորությունները, չզիջեինք Քարվաճառն ու Քաշաթաղը, մեր մնացած բոլոր դիրքերը, կկարողանայինք ավելի լայն պաշտպանություն կազմակերպել։ Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, ուղղակի այս ամենից ելնելով` պիտի մեր խոսքը ու մեր ցավը ավելի հասանելի դառնա քաղաքակիրթ աշխարհին, որի լուռ հայացքի ներքո փորձում են ոչնչացնել պատմական անցյալ ունեցող մի ժողովրդի, որ հազարամյակներ շարունակ ապրել և արարել է այս հողում»,-եզրափակել է ԱԺ պատգամավորը։