ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թովմասյանը Բունդեսթագի իր գործընկերներին է փոխանցել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը՝ իբրև Արցախի կառավարության տեսակետ

Թովմասյանը Բունդեսթագի իր գործընկերներին է փոխանցել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը՝ իբրև Արցախի կառավարության տեսակետ

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող հայկական պատվիրականության կազմով Բունդեսթագում հանդիպում ունեցանք «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի ղեկավար կազմի և Բունդեսթագի պատգամավորների ու քաղաքական, հասարակական գործիչների հետ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Ելույթիս մեջ անդրադարձ կատարեցի Արցախյան հակամարտությանը, խոսեցի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Նկարագրեցի, թե ինչպես «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ փակվեց Բերձորի միջանցը, սակայն Արցախի իշխանության կողմից Կաշենի հանքավայրի գործարկման կասեցումից հետո անգամ, Ադրբեջանը՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհը չի բացում: Այժմ Ադրբեջանը պատճառաբանում է, թե հայերը զենք են տեղափոխում Արցախ, պետք է սքաներ տեղադրվի»։

Թովմասյանը Բունդեսթագի իր գործընկերներին է փոխանցել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը՝ իբրև Արցախի կառավարության տեսակետ, որ Արցախը պատրաստ է չեզոքացնել ադրբեջանական մտահոգությունները և դիտարկել Գորիսից դուրս եկող ցանկացած մայրուղում, փողոցում, կածանում (Տեղ գյուղի մոտակայքում) սքաների տեղադրման հարցը, որը հնարավորություն կտա Արցախ ուղարկվող բեռների նկատմամբ իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն։ Այդուհանդերձ, Արցախի կյանքի ճանապարհը մնում է փակ․

«Իմ խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հայտարարության համար, առ այն, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Ընդգծեցի, որ մենք՝ հայերս, աշխարհի հնագույն ազգերից մեկն ենք, և մշտապես մաքառել ենք մեր պատմական հայրենիքում խաղաղ ապրելու համար։ Ադրբեջանը, շարունակելով իր ցեղասպան քաղաքականությունը, այսօր Արցախի ժողովրդին փորձում է բնաջնջել իր հայրենիքում՝ 120 հազար հայ բնակչությանը պահելով պատանդի կարգավիճակում, ստեղծելով անմարդկային պայմաններ, զրկելով նրանց սննդի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումից, թիրախավորելով խաղաղ բնակչությանը»։

Պատգամավորը ընդգծում է՝ այս համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, քանի որ հակառակը կնշանակի հայ ժողովրդի նոր ցեղասպանություն․

«Շեշտեցի քաղաքակիրթ հանրության աջակցության կարևորությունը Արցախի հարցում՝ նշելով, որ Ֆրանսիան հայերիս կողքին է, իսկ Գերմանիայի կանցլերի խոսքը ոգեշնչող էր։ Գերմանիայի խորհրդարանականներին խնդրեցի իրավական ընթացք տալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցին՝ հղում անելով կանցլերի խոսքին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարեցինք նաև Հայաստանում ժողովրդավարությանը, խոսքի ազատությանն առնչվող հարցերին։ Կարևորեցի, որ ազատ խոսքը միշտ պաշտպանության կարիք ունի. խոսքի ազատության համար պայքարն ամենօրյա գործընթաց է և, ցավոք, այսօր էլ կան խնդիրներ Հայաստանում: Այս ամենի մասին խոսել է նաև “Freedom House”-ը, որն իր զեկույցում, ի թիվս այլ արձանագրումների, հիշատակել է՝

Հայաստանի կառավարության կողմից լրտեսական սարքերի կիրառմամբ լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների գծով ակտիվիստներին թիրախավորելը,

իշխանությունների կողմից ԶԼՄ-ների ազատության սահմանափակումները,

լրագրողներին ֆիզիկական բռնության ենթարկելը․․․

Իմ խոսքում զուգահեռներ անցկացրեցի ժողովրդավար ուղիով շարժվող Հայաստանի և ցեղասպան քաղաքականությամբ առաջնորդվող ագրեսոր Ադրբեջանի միջև՝ մասնավորապես նշելով, որ մենք, իհարկե, կցանկանանք Հայաստանում խոսել ու քննարկել կանանց իրավունքների, իրավահավասարության թեման, սակայն ադրբեջանական զինված ուժերը 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայ կանանց սպանեցին, մարմինները խոշտանգեցին, փորագրություններ արեցին կանանց դիակների վրա․․․

Մենք կարող էինք քննարկել տարբեր կոնվենցիաներին կամ ընդհանրապես ժողովրդավարությանն առնչվող հարցեր, բայց Ադրբեջանը կրակ է բացում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող հայ խաղաղ բնակիչների ուղղությամբ, օկուպացրել է այն տարածքները, որտեղ անցել է իմ մանկությունը․․․

Եվ վերջում, կարևորելով նաև Գերմանիայի ջանքերը Բաքվում բացված Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված «ռազմական ավարի պուրակի» փակման ուղղությամբ, ընդգծեցի նաև Եվրամիության ջանքերի շարունակականության կարևորությունը ագրեսոր Ադրբեջանին պատժելու, ցեղասպան նպատակներից հետ կանգնեցնելու համար»,-նշել է նա: 

  • Կիսվել: