շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թեհրանահայության հանրահավաքն ի զորակցություն Արցախի

Թեհրանահայության հանրահավաքն ի զորակցություն Արցախի

2023 թվական օգոստոսի 4-ին Միասնության դաշինքի նախաձեռնությամբ Հայ Մարզամշակութային «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ թեհրանահայության հանրահավաքն ի զորակցություն արցախահայությանը:

Հանրահավաքին ներկա էին Իրանում ՀՀ դեսպանատան անձնակազմից, մեր պարսիկ հայրենակիցներից տարծաշրջանային հարցերով մասնագետներ և Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի նախագահը: Հեռուստաէկրանին ցուցադրվում էին պարսկերենով, անգլերենով ու հայերենով տարբեր պատկերներ Լաչինի միջանցքի բլոկադայի  և մեր արցախցի հայրենակիցների ճգնաժամային կարգավիճակից: Հանրահավաքը վարում էր Լիլիթ Սարդարյանը, որը բարի գալուստ մաղթելուց հետո Լաչինի և Արցախի իրավիճակը ներկայացնելու համար բեմ հրավիրեց Թեհրանի Ազատ Համալսարանի հայագիտական ֆակուլտետի տնօրեն դոկտ. Անդրանիկ Սիմոնյանին:

Հաջորդ բանախոսն էր տարածաշրջանային հարցերի մասնագետ դոկտ. Մաջիդ Քարիմին, որը պատմական ակնարկ կատարելով Արցախին ու Հայաստանին, դատապարտեց Ադրբեջանի Հանրապետության կողմից ցուցաբերած անմարդկային վերաբերմունքը՝ փակելով Հայաստանի հետ Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Կրկին եղավ ֆիլմի ցուցադրում Լաչինի միջացքի ու արցախահայության վիճակի և այն բեռնատարների շարանի մասին, որը Հայաստանի Հանրապետությունը ուղարկել է Արցախ, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով անցկացվի Արցախ, սակայն դժբախտաբար մինչ այժմ Բաքվի իշխանությունը արգելք է հանդիսանում: Այնուհետև բեմ հրավիրվեց Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ դոկտ․ Ջաֆար Խաշեհն, որը հակիրճ ձևով ներկայացրեց հարցի բուն էությունը, դատապարտեց Բաքվի վարած քաղաքականությունը այս կապակցությամբ և իրենց զորակցությունը հայտնեց արցախահայությանը և ամբողջ հայ ժողովրդին:

Միջոցառման հաջորդ բաժնում բեմ հրավիրվեց թեհրանահայ, Իրանի մասշտաբով ավագ լրագրող Սերգե Բարսեղյանը: Նա շեշտեց, որ պատերազմական կարգավիճակը, դժբախտաբար, դեռ չի ավարտվել ու հայերի ցեղասպանության վտանգը Բաքվի իշխանության ձեռամբ դեռ շարունակվում է գոյություն ունենալ և հայ ժողովուդը պետք է գիտակցելով այս փաստը հնարավորինս լավ պատրաստվի ու պայքարի միջազգային դիվանագիտական ատյաններում ու միևնույն ժամանակ կառուցի հզոր և ժամանակակից բանակ:


Վերջում Միասնության Դաշինքի կողմից տիկ. Մարո Այվազյանը ընթերցեց հանրահավաքի հռչակագիրը կամ հայտագիրը, որը հաստատվեց հանրահավաքի կողմից: Հռչակագիրը պատրասվել է երեք լեզուներով՝ հայերեն, պարսկերեն ու անգլերեն, որոնք ուղարկվելու են Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակ, Իրանի Արտաքին Գործերի Նախարարություն, Մահիկ կազմակերպություն, Թեհրանում Կարմիր Խաչի գրասենյակ ու Թեհրանում տարբեր երկրների  դեսպանատներ: 

  • Կիսվել: