երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պատերազմի հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15 հազար արցախցու տրամադրվել է 15 հազար դրամ

Պատերազմի հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15 հազար արցախցու տրամադրվել է 15 հազար դրամ

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 15 հազար ՀՀ դրամ։

Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝

ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները,

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,

50 տարեկանից բարձր անձինք։

Կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։

Ծրագիրն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։

Նշենք, որ միանալով ՀՀ Կառավարության  կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդհանուր առմամբ տրամադրել է 1 861 490 588 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց  և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։

Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության մյուս տեսակների վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀԿԽԸ կայքում։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ),  լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

  • Կիսվել: