երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրախորհրդարանականների եռյակը վնասում է խաղաղ գործընթացին՝ ճանապարհների կառուցումը Արցախի իշխանությունների ինքնիշխան իրավունքն է․ Արցախի ԱԳՆ

Եվրախորհրդարանականների եռյակը վնասում է խաղաղ գործընթացին՝ ճանապարհների կառուցումը Արցախի իշխանությունների ինքնիշխան իրավունքն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ  Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունները։ Մեկնաբանությունում ընդգծվել է, որ, օգտագործելով քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձևակերպումներ, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տերմինաբանությանը և մոլորության մեջ գցում միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ, եվրախորհրդարանականների այս եռյակն իրականում վնասում է խաղաղ գործընթացին։  

Արցախի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարել նշել հետևյալը.

«Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ նոր ճանապարհների կառուցումը և Արցախի Հանրապետությունում այլ հաղորդակցության նախագծերի իրականացումը, որոնք անհրաժեշտ են նրա անվտանգ զարգացումն ապահովելու և քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորություններն ավելացնելու համար, Արցախի իշխանությունների ինքնիշխան իրավունքն ու պարտականությունն է: Արցախի Հանրապետության որևէ նախագիծ հարևան Ադրբեջանի հետ համաձայնեցնելու կոչերը զուրկ են ցանկացած իրավական հիմքից և տրամաբանությունից:

Արցախը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհին կապող հաղորդակցության նախագծերի իրականացումը հատկապես արդիական է Արցախը մեկուսացնելու Բաքվի շարունակական փորձերի ֆոնին՝ շահարկելով միջազգային իրավունքի առանձին սկզբունքներ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում, որ շրջափակումը, ներառյալ՝ օդային շրջափակումը, դիտարկում են որպես Արցախի և նրա բնակիչների ֆիզիկական ոչնչացմանն ուղղված իրենց ընդհանուր ռազմավարության բաղկացուցիչ մաս: Ադրբեջանի անմարդկային քաղաքականության ցուցիչներից են քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները:

Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտորեն ի ցույց են դնում միջազգային իրավունքի նկատմամբ իրենց քամահրական վերաբերմունքը: Միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի բուն էությունը Ադրբեջանի նախագահի հետևյալ արտահայտությունն է՝ «այսօր միջազգային իրավունքն աշխարհում չի գործում, միջազգային պայմանագրերը պարզապես թղթի կտոր են, ոչ մի արժեք չունեն»:

Երկրորդ՝ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է, որը չի համապատասխանում Եվրոպական խորհրդարանի կողմից նախկինում ընդունված փաստաթղթերին, այդ թվում նաև՝ Արցախի շրջափակման անթույլատրելիության մասին բանաձևերին: Այն փաստը, որ հայտարարության հեղինակներից ոմանք արժանացել են Ադրբեջանի պետական պարգևների, մեծապես բացատրում է, թե ինչու է նրանց դիրքորոշումը լիովին համընկնում պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ: Եվրախորհրդարանականների հայտարարության կողմնակալ և ոչ օբյեկտիվ բնույթն այնքան ակնհայտ է, որ չի կարող որևէ օգտակար ուղերձ պարունակել և դրական դեր խաղալ «փոխվստահությանը, խաղաղությանը և հաշտեցմանը նպաստող պայմանների ստեղծման» գործում, ինչի մասին նշված խորհրդարանականներն իբրև թե անհանգստանում են։

Առավել ցինիկ է հայտարարության հեղինակների փորձը՝ իրենց կողմնակալությունը քողարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի հանդեպ հոգատարությամբ։ Օգտագործելով քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձևակերպումներ, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տերմինաբանությանը և մոլորության մեջ գցում միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ, եվրախորհրդարանականների այս եռյակն իրականում վնասում է խաղաղ գործընթացին։  

Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը հնարավոր է միայն մարդակենտրոն մոտեցման հիման վրա: Մի ողջ ժողովրդ մեկուսացնելու փորձերը, նրա ֆիզիկական ոչնչացման սպառնալիքները, մարդկանց անհատական և կոլեկտիվ իրավունքների իրացմանը խոչընդոտելը անցյալի մնացուկներ են և չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: