Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքականության իրականացման ուղղությամբ կատարվել են մի շարք աշխատանքներ. նախարար
ԱՀ Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, կայացած Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանն ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն անդրադարձել է 2019 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքականության իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ժ. Միրզոյանն ասել է, որ 2019 թվականի ընթացքում շրջաններում ԱՀ կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված էր պետության տարածքային քաղաքականության իրագործման և տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացի ապահովմանը: 

Նախարարի խոսքով՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ:
«Նշված միջոցառումներն ընդգրկում էին ավտոճանապարհների պահպանման և շահագործման, գյուղերի ճանապարհների սալապատման, շրջանների համայնքներին, բնակիչներին շինանյութերի տրամադրման, սանմաքրման, կանաչապատման, բարեկարգման և ջրամատակարարման համակարգերի պահպանման և շահագործման գծով պետական պատվերի մեջ: Նախատեսված աշխատանքները իրականացվել էին Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում: Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցների գումարը կազմել է 3 մլրդ ՀՀ դրամ: «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման» ծրագրի կատարողականը կազմել է 2 մլրդ 942 մլն 882 հազար 700 ՀՀ դրամ կամ բյուջեով նախատեսված հատկացումների 98.1 %-ը: 2019 թվականին համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվել է համայնքների բյուջեներին դոտացիաների տրամադրում՝ 2 մլրդ 532 մլն 726 հազար ՀՀ դրամի չափով, կատարողականը կազմել է 2 մլրդ 237 մլն 200 հազար ՀՀ դրամ կամ 88.3 %: 2019 թվականին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի շրջանակներում Ստեփանակերտում իրականացվող ընթացիկ նորոգումների պետական պատվերը հաստատվել է 644 մլն 820 հազար ՀՀ դրամի չափով: Կատարողականը կազմել է 626 մլն 452 հազար 700 ՀՀ դրամ կամ 97.2 %»,-մասնավորապես ասել է Ժ. Միրզոյանը: