ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թանգարանների միջազգային օրվա  առթիվ Արցախում  մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն

Մայիսի 18-ին և 20-ին «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակներում Արցախում  մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին՝  ժամը 12:00-ին,  Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում  նախատեսվում է «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդես:

Մայիսի 20-ին՝  ժամը 15:00-ին,  կանցկացվի կարպետագործության դասընթաց:

Ստեփանակերտի պատկերասրահում մայիսի 18-ին՝  ժամը 16:00-ին տեղի կունենա «Հիշողության պահապանները» խորագրով ցուցադրություն, «Բացահայտենք արվեստը» թեմայով ինտելեկտուալ խաղ:

Նույն օրը՝  ժամը 19:00-ին Ստեփանակերտում կկայանա  Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը:  Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանի կողմից  մայիսի 18-ին՝  ժամը 11:00-ին, կկազմակերպվի «Թանգարանային արժեքների պահպանման խնդիրն աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն:

Մայիսի 20-ին՝  ժամը 20:00-ին,  Ստեփանակերտում նախատեսված է Արցախի պետական երգչախմբի համերգը «Երաժշտության գույները» խորագրով:

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին՝  ժամը 15:00-ին, տեղի է ունենալու «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն, իսկ մայիսի 20-ին՝ «Եղեռն՝ եղեռնից հետո» թեմայով:

Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում դասախոսությունը կլինի «Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով՝ մայիսի 18-ին՝  ժամը 14:00-ին, իսկ  մայիսի 20-ին «Արցախյան ազգագրություն» թեմայով՝ ժամը 15:00-ին:

Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարանում էլ կայանալու է  «Բերդաշենի հնավայրերը» թեմայով դասախոսություն՝  մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, իսկ մայիսի 20-ին՝ «Սահման դարձած իմ Բերդաշեն» թեմայով:

Նույն օրը Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարանում դասախոսությունը «Ամարասը հայ դպրության կենտրոն» թեմայով է՝  ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին՝ «Մեր գյուղի սրբավայրերը» թեմայով՝ ժամը 15:00-ին:

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում էլ տեղի կունենա «Մարտակերտի մարդակերպ կոթողները» խորագրով ցուցադրություն և դասախոսություն՝  ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում՝  ժամը 15:00-ին:

 

  • Կիսվել: