հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանակերտում վոլեյբոլի բաց առաջնություն է կազմակերպվել

Ստեփանակերտում վոլեյբոլի բաց առաջնություն է կազմակերպվել

Մարտի 31-ից ապրիլի 1-ը մայրաքաղաքի Վ. Ջհանգիրյանի անվան համար 8 ավագ դպրոցի մարզասրահում Մանկապատանեկան մարզադպրոցի աղջիկների թիմերի միջև անց է կացվել վոլեյբոլի բաց առաջնություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բաց առաջնությանը մասնակցել է 8 թիմ՝ տարիքային տարբեր խմբերի։

«Շրջափակման պատճառով մենք չկարողացանք մասնակցել Երևանում տեղի ունեցած վոլեյբոլի բաց առաջնությանը։ Մեր սաներին նման առաջնության մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար որոշեցինք Արցախում կազմակերպել։ Բոլոր թիմերը շատ լավ են խաղում։ Թեժ պայքար էր և լարված խաղ։ Նման բաց առաջնությունների և մրցույթների արդյունքում կկազմվի Արցախի Հանրապետության վոլեյբոլի աղջիկների հավաքականը, որը կպատրաստվի Հայաստանի Հանրապետության առաջնություններին։ Անցած տարի մեր հավաքականը մասնակցել է ՀՀ առաջնությանն ու մրցանակային 1-ին տեղը զբաղեցրել, ինչը շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար։ Համոզված եմ, որ ճանապարհի բացվելուց հետո մեր մարզուհիները նորանոր հաղթանակներ կկերտեն և բարձր կպահեն Արցախի պատիվը»,-ներկայացրել է ՄՊՄԴ-ի տնօրեն Էմիլս Օգանեսյանը:

Մարզադպրոցի սան Դայանա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ վոլեյբոլով մարզվում է արդեն չորս տարի։

«Բազմաթիվ անգամներ թիմով մասնակցել ենք Արցախում, Երեւանում եւ Հայաստանի մարզերում կայացած առաջնությունների ու մրցանակային տեղեր գրավել։ Մասնակցել ենք Կանանց բարձրագույն լիգային և առայժմ երրորդ հորիզոնականում ենք։ Ճանապարհի բացվելուց հետո կաշխատենք ավելի առաջ անցնել»,-նշել է Դ. Խաչատրյանը` անհրաժեշտություն համարելով ընկերական խաղերը, որոնք նպաստում են ավելի մեծ փորձ ձեռք բերելուն:

 

 

 

  • Կիսվել: