երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստեփանակերտում տրվել է «Երգով ու սիրով»  երգչախմբային փառատոնի մեկնարկը

Ստեփանակերտում տրվել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնի մեկնարկը

Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կողմից Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տրվել է «Երգով ու սիրով»  երգչախմբային փառատոնի մեկնարկը։  

Համերգին մասնակցում էին «Տաթևի զանգակներ» երգչախումբը, Ստեփանակերտի ՄՊՍԿ, Հադրութի, Մարտունու և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին կից մանկական երգչախմբերը։
 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ասել է, որ անցած տարի գաղափար առաջացավ այցելել Արցախ ու լինել արցախցու կողքին։
 
«Արցախը մեր հենարանն է, մեր ողնաշարն ու սյունը։ Ես այս կարգախոսով արդեն չորս տասնամյակ կրթում եմ  երեխաներին։ Եվ իրենք պաշտում են Արցախը, իսկ  արցախցուն չեն տաբերում աշխարհի ցանկացած վայրում բնակվող հայից։ Մենք մեր աշխատանքով փորձում ենք լինել արցախցու կողքին»,-նշեց Տ. Հեքեքյանը՝ հույս հայտնելով, որ Արցախ այցերը այսուհետ մշտական են լինելու։
 
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը իրազեկել է, որ Հադրութից և Շուշիից տեղահանված և Երևանում բնակություն հաստատած երեխաներից միացյալ երգչախումբ կկազմավորեն։
 
«Մենք ուզում ենք, որ արցախցին միշտ լինի հոգևոր, որովհետև առանց հոգևորի նա ուժեղ չի կարող լինել»,-ընդհանրացրել է նա։
 
Երգչախմբի անդամ Հռիփսիմե Մուրադյանն ասել է, որ 16 տարի է, ինչ երգում է երգչախմբում։
 
«Հեշտ չէ հանդես գալ արցախյան բեմում, որովհետև կան շատ էմոցիաներ, որոնք ուզում ենք փոխանցել հանդիսատեսին։ Ուզում ենք մեր երգով ապրեցնել երկիրը»,-նշել է երգչուհին։
 
Համերգի ընթացքում փառատոնին մասնակցող բոլոր երգչախմբերի կողմից հնչեցվել են աշխարհիկ և հոգևոր երգեր։
 
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, մշակութասեր հանրությունը։

  • Կիսվել: