ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում ռուսական ռոմանսի երեկո է կազմակերպվել

Ստեփանակերտում ռուսական ռոմանսի երեկո է կազմակերպվել

Այսօր` մարտի 23-ին, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել է ռուսական ռոմանսի երեկո։

Երեկոն կազմակերպվել է դպրոցի թեորիայի բաժնի պատասխանատու Զարինե Թարանյանը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության հեղինակը նշել է, որ ծրագիրը մշակվել և փոքր մասշտաբներով իրականացվել է  դեռևս անցած տարվա սեպտեմբեր ամսին։

«Որոշեցինք, սակայն,  շրջանակներն ընդլայնել։

Համերգի ծրագրում  տեղ են գտել հիմնականում ռուսական ռոմանսները , նաև վրացական լիրիկական ստեղծագործություններ»,-նշել է մեր զրուցակիցը։ 

Զ. Թառանյանը նկատում է, որ հասարակության շրջանում  վաղուց  ռոմանսներ չեն մատուցվում,  հիմնական շեշտադրումը ազգայինի վրա է։

«Այսօր նույնիսկ բեմահարթակն ենք 18-19-րդ դարերի  ոճով կահավորել, որպեսզի հանդիսատեսը զգա այդ ժամանակաշրջանի շունչը»,-ներկայացնում է ուսուցչուհին` անկեղծանալով` համերգը կազմակերպել են` ավելի շատ նպատակ ունենալով  դրական լիցք հաղորդել իրավիճակից թևաթափ եղած հասարակությանը։  

Նա ընդգծում է , որ շրջափակումը բացասաբար է  անդրադարձել նաև իրենց կրթօջախի առօրյայի վրա։   Երեխաներն էլ  ընկճված են, բայց իրենք փորձում են նման միջոցառումներով շեղել նրանց։

Նախկինում  տարվա կտրվածքով  7-8 համերգ  էին  ունենում։ Այսօրվա միջոցառումը  շրջափակումից հետո առաջինն  է, որը, հույս ունեն, նախկին հագեցած ուսումնական առօրյայի նոր սկիզբը կդառնա։

Երեկոյի ընթացքում ծրագրային ստեղծագործություններով հանդես են եկել Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչները։

 

 

 

  • Կիսվել: