շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ստեփանակերտում մեկնարկել է ուսանողական տարեկան գիտաժողովը

Ստեփանակերտում մեկնարկել է ուսանողական տարեկան գիտաժողովը

Այսօր՝ մայիսի 11-ին, Արցախի պետական համալսարանում մեկնարկել է ուսանողական տարեկան գիտաժողովը՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին: 

Այսօր՝ մայիսի 11-ին, Արցախի պետական համալսարանում մեկնարկել է ուսանողական տարեկան գիտաժողովը՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին: 
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական միության ջանքերով կազմակերպված գիտաժողովի մասնակիցները նախ հարգանքի տուրք են մատուցել ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակին: 

Գիտաժողովին բացման խոսքում բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ  ուսանողական գիտաժողովները հաճախ բախտորոշ դեր են ունենում  ապագա գիտնականների կյանքում:

 «Վերջին տասը տարում Մայր բուհի ամենամեծ ձեռքբերումներից ես կնշեի ուսանողական ինքնավարությունը: Նրանք  բավականին ակտիվ են, ինչի ապացույցը կազմակերպվող տարեկան գիտաժողովներն են, որոնց մասնակցում են մեծ թվով ուսանողներ: Այսօրվա գիտաժողովին հայտագրվել է շուրջ 100 ուսանող, որից 40-ը Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից: Մենք հույս ունեինք, որ շրջափակումը կվերանա և մեր գիտաժողովին հայտագրված ուսանողներին կհյուրընկալեինք մեր բուհում, բայց նրանք գիտաժողովին, ցավոք, կմասնակցեն հեռավար եղանակով»,-ասել է Ա. Սարգսյանը: 

Արցախի համար ոչ դյուրին պայմաններում Շարժման 35-ամյակին նվիրված գիտաժողովի կազմակերպումը  ողջունել ու մասնակիցներին շնորհավորել է  Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը: 

Нет описания.

«Սա ոչ միայն վկայությունն է այն իրողության, որ մեր գիտական հիմքը ոչ միայն շարունակում է պահպանել իր կենսունակությունը, այլև՝ ձգտում է ուղղորդել գիտական ասպարեզում իրենց առաջին քայլերը կատարող ուսանողներին՝ ժամանակին համահունչ գնահատականներ տալու մեր երկրի համար մեծ կարևորություն ներկայացնող հիմնահարցերին»,-ասել է Ն. Մկրտչյանը: 

Բացմանը հաջորդել են գիտաժողովի աշխատանքները մասնախմբերով՝ «Պատմություն», «Իրավագիտություն», «Բանասիրություն», «Բնական գիտություններ», «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տնտեսագիտություն», «Մանկավարժություն», «Սպորտ», «Հոգեբանություն»:

Нет описания.

Ուսանողական գիտաժողովի   զեկուցումներում  շեշտադրվել են հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, շրջափակումն և հրատապ խնդիրները:

  • Կիսվել: