շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտում Մարաղայի ցեղասպանությանը նվիրված քննարկում է կազմակերպվել

Ստեփանակերտում Մարաղայի ցեղասպանությանը նվիրված քննարկում է կազմակերպվել

Նախօրեին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում` «Մարաղա 31. չպատժված և շարունակվող ցեղասպանություն» թեմայով։

Միջոցառումը նվիրված էր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակչության նկատմամբ 1992 թվականին Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական գործողությունների 31֊րդ տարելիցին և անպատժելիության արդյունքում շարունակվող թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը։

Нет описания.

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Արևիկ Հովսեփյանը նշեց, որ քննարկումը նպատակ ունի ներկայացնելու այն ցեղասպան քաղաքականությունը, որը Ադրբեջանը ժառանգել է Օսմանյան Թուրքիայից և այսօր էլ շարունակում է իրականացնել։

«Պետք է երիտասարդության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը՝ Մարաղայում տեղի ունեցած դեպքերի իրավական գնահատականների, պատմությանն առերեսվելու, նոր ցեղասպանությունները կանխելուն ուղղված քայլերի վերաբերյալ»,- նշել է նա։

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանի խոսքով` նման միջոցառումներն ունեն շատ կարևոր և հստակ ուղերձ. հասկանալ, թե ով է մեր թշնամին, որն է նրա նպատակը և արդյո՞ք հնարավոր է այդ թշնամու հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, մանավանդ, երբ այսօր տարբեր կետերից այդպիսի կոչեր և ուղերձներ են ստացվում։

Нет описания.

«Պատմության դասերի վերհանումը, կարծում եմ, օգնում է, որպեսզի երիտասարդ սերունդը ավելի ճիշտ կառուցի իր ներկան, կանխատեսի ապագան և թույլ չտա նախկին սխալները, հեռու անցյալի այն ցավալի վրիպումները, որոնք հանգեցրել են Մարաղայի և դրա նման ողբերգական դեպքերի։ Ամենակարևոր ուղերձը, որ պետք է հասկանա ներկա սերունդը, այն է, թե ինչ պետք է անի ինքը»,-ընդգծեց պատմաբանը և հավելեց` բանախոսության ընթացքում վեր հանված ուղերձները, ակնարկները հող կգտնեն և կտան իրենց բարենպաստ ծիլերը։ Հանդիպում֊քննարկման ժամանակ Մարաղայի ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ է ցուցադրվել, այնուհետև ծավալվել է հարցուպատասխան։

Нет описания.

Միջոցառմանը ներկա էին դասախոսներ և ուսանողներ Արցախի Հանրապետության բոլոր բուհերից։

  • Կիսվել: