Ստեփանակերտում կրթության արդի հիմնախնդիրների ու լուծումների թեմայով գիտաժողով է տեղի ունեցել
Այսօր՝ ապրիլի 29-ին, մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով ուսանողական գիտաժողով։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչև գիտաժողովի մեկնարկը, ներկաները լռության րոպեով խնկարկել են Արցախի փրկության համար նահատակված տղաների հիշատակը, այնուհետև ծաղիկներ խոնարհել զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող Փառքի անկյունում։
Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կարևորել է գիտաժողովի թեման։
«Որոշեցինք կազմակերպել նման թեմայով գիտաժողով, որի ընթացքում ուսանողները հանդես կգան հիմնախնդիրների բացահայտմամբ, միաժամանակ իրենց առաջարկությունները կներկայացնեն՝ գիտակցելով, որ իրապես խնդիրներ ունենք, որոնք պետք է որոշակի լուծում ստանան»,-ասել է Ա. Բաղդասարյանը։
Բուհի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի համոզմամբ՝ զարգացած և կայուն պետություն ունենալու համար անհրաժեշտ են կրթված ու որակյալ մասնագետներ, որի հնարավորությունը տալիս է կրթական համակարգը:
Ամենակարևորը՝ բավականին արդիական թեմաներ են ընտրել ուսանողները, որոնք տարբեր խնդիրներ են արտացոլում, ինչը թույլ կտա այդ աշխատանքները, հետագայում ավելի կատարելագործելով, տարբեր հարթակներում օգտագործել»,-հավելել է Հ. Ավանեսովը։
Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիա Հակոբյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ գիտաժողովին մասնակցում է բուհի շուրջ 70 ուսանող՝ հիմնականում մագիստրանտներ: Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբային նիստերում: