երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ստեփանակերտում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված Շարժման 35-ամյակին (լուսանկարներ)

Ստեփանակերտում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված Շարժման 35-ամյակին (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել հանդիսավոր  միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մեկնարկը տրվել է Արցախի Հանրապետության պետական օրհներգով:
 
Ներկաները լռության րոպեով հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմներում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսների հիշատակին:
Օրհնանքի խոսք է ասել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Աստվածաշնչում գրված է, որ արդարությունը բարձրացնում է ազգին, բայց մեղքը ժողովուրդներ է կործանում: Այս խոսքերը գալիս են փարատելու մեր բոլոր հակասական մտածումները, որոնք ծնվում են մեր մեջ, երբ հիշում ենք 35 տարի առաջ մեր ժողովրդի ազգային վերազարթոնքը, և երբ միաժամանակ հայացք ենք գցում մեր ներկա կյանքին: Իսկապես, հիշատակի և գնահատանքի արժանի օրեր էին, երբ արցախահայությունը, միակամ դարձած, սկսեց իր աստվածապարգև ազատության համար շարժումը: Այն նշանակում է, որ ժողովուրդը սկսել է շարժվել, աշխատել, կրավորական անտարբերությունից ու անգործությունից անցել գործնական քայլերի, և արդյունքը  հաղթանակն էր»,-ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ելույթի իր խոսքում շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան շարժման 35-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Համայն հայության ճակատագրորեն երակթված այս հատվածի համար շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակութունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու  տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988 թվականի իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով: Ղարաբաղյան շարժման հերթական հոբելյանը տոնում ենք համեստ ձևաչափով: Բայց հավատացած եղեք, որ մեր պատմական առանցքային  նշանակության բոլոր հոբելյանները ապագայում կդիմավորենք  տոնական տրամադրությամբ: Աստված պահապան հայկական երկու Հանրապետություններին: Շնորհակալություն 88-ի շարժման մեր ակտիվիստներին՝ իրենց այդ հայրենանվեր գործի համար»,-իր խոսքում ասել է Ա. Թովմասյանը:
Արցախյան շարժման ակտիվիստ Սլավա Առուշանյանի խոսքով՝ 1988 թվականի փետրվարյան դեպքերը իրենց բնույթով աննախադեպ էին, քանի որ հենց այդ ժամանակ արցախցի ակտիվիստները առաջին անգամ ձեռնամուխ եղան ԼՂԻՄ-ը  Մայր Հայրենիքին վերամիավորման  հռչակմանը:
Շարժման ակտիվիստ Համլետ Գրիգորյանն էլ, վերհիշելով 1988 թվականի փետրվարյան դեպքերը,  ընգծեց, որ արցախցին իր երկրում՝ Արցախի հողի վրա, ապրելու է այնպես, ինչպես ապրել է դարերով:
«Արցախյան շարժումը լայն թափ ստացավ 1988-ին, երբ սկսեցին մեզ ճնշել, իրենց կամքը թելադրել: Այդ ժամանակ մենք  պոռթկացել ենք և ցույց տվել, որ դրանց երբեք չենք ենթարկվելու: Ոչ մեկի մտքով թող երբեք չանցնի, որ ինչ-որ ուժեր կամ թուրքը կարող է մեր ոգին կոտրել: Մենք միշտ լինելու ենք միասնական»,-նշել է շարժման ակտիվիստ Կամո Սաֆարյանը:
 
Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով:
Ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը,  պետնախարար Ռուբեն Վարդանյանը, գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
 
 

  • Կիսվել: