շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստեփանակերտում ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվում են ջրի բաքեր

Ստեփանակերտում ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվում են ջրի բաքեր

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է․

«Հարգելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես արդեն գիտեք՝ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա:

Մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում:

Քաղաքային իշխանության հետևողականության և ջրամատակարար «Ջրմուղ-կոյուղի» ընկերության  ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե լրիվությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում:

4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վ. Բարեպաշտ թաղամասերը:

10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները:

Պատճառած անհարմարությունները փոքրիշատե մեղմելու նպատակով ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր։

Հարգելի՛ քաղաքացիներ, հիդրոօթերևութաբանների՝ առաջիկա օրերի կանխատեսումները լավատեսական չեն, ինչը նշանակում է՝ տոթ եղանակը շարունակվելու է:

Ուստի խնդրում ու հորդորում ենք խնայողաբար և խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, և հնարավոր լինի մեր դեռ ջրազուրկ բնակիչներին ևս ապահովել կենարար հեղուկով»։

  • Կիսվել: