Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Զանգակատուն» հուշակոթողի պատվանդանին և հարգանքի տուրք մատուցել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը նշել է, որ 108 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը շարունակվում է մինչև այսօր
«Հարյուրավոր տարիների քաղաքականությունը մինչև այսօր չի փոխվել: Դա վառ վկայություն է, որ պետք է շարունակենք մեր պայքարը:
Պետք է ոչ թե այլ երկրների հույս դնել, այլ ինքներս մեզ վրա՝ պայքարը շարունակելով մինչև մեր արդարացի պահանջների իրականացումը: Ինչպես 108 տարի առաջ, այնպես էլ այսօր, մենք շարունակում ենք գտնվել միջազգային հանրության և գերտերությունների շահերի ու սկզբունքների խաչմերուկում: Մենք հաստատակամորեն պետք է գիտակցենք, որ պայքարն այլընտրանք չունի»,-ասել է Ա. Հարությունյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցի խոսքով՝ անկախ տարատեսակ փորձություններից, Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ու դիմակայել բոլոր մարտահրավերներին:
«Այսօր, երբ մեր ազգի նկատմամբ մշակվում և իրականացվում է հերթական հանցագործությունը, մենք պետք է ճիշտ մտածված և մշակված, հաշվարկված ու վճռական քայլերի միջոցով շարունակենք պաշտպանել մեր պետականությունը»,-ընդգծել է Գ. Բաղունցը:


