երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ստեփանակերտում և շրջանների ուղղությամբ հանրային տրանսպորտը գործարկվում է նոր գրաֆիկով

Ստեփանակերտում և շրջանների ուղղությամբ հանրային տրանսպորտը գործարկվում է նոր գրաֆիկով

Հուլիսի 8-ից մայրաքաղաք Ստեփանակերտում մեկանարկել է հանրային տրանսպորտի գործարկման նոր գրաֆիկը. իսկ միջշրջանային տրանսպորտի համար այն կմեկնարկի հուլիսի 10-ից։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։

«Լիակատար շրջափակման ընթացքում առաջացել է վառելիքի սուր դեֆիցիտ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վառելիքի առկա պաշարների ռացիոնալ հաշվառումից և խնայողաբար օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համապատասխան հաշվարկներ իրականացնելուց հետո հանգել ենք այս օպտիմալ տարբերակին. հասարակական տրանսպորտի չվացուցակում կատարվելու են անհրաժեշտ միջանկյալ փոփոխություններ։ Չցանկանալով խուճապային տրամադրություններ տարածել` ասեմ, որ իրավիճակի վատթարացման դեպքում` գրաֆիկի վերանայման անհրաժեշտություն է լինելու, բայց այդ մասին լրացուցիչ կհայտարարվի։ Եթե իրավիճակը բարելավվի, կվերադառնանք նախկին ռեժիմին։ Այս առումով հիմնականում տուժել է քաղաքային տրանսպորտով երթևեկող բնակչությունը։ Ավելի քիչ փոփոխություններ են կատարվել ներշրջանային տրանսպորտի գրաֆիկում։ Հաշվի ենք առել, որ այնտեղ շարժը փոքր֊ինչ խնդրահարույց է»,-մանրամասնել է Վ. Հարությունյանը։

Նա իրազեկել է, որ շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում կգործեն միայն Աջափնյակ թաղամասի և Նոր Արեշի ուղղություններով գործող երթուղիները։ Իսկ քաղաքի ներսում գործողները կաշխատեն ծանրաբեռնված ժամերին։

«Եվ որպեսզի հասարակական տրանսպորտում չառաջանան կուտակումներ՝ պետական համակարգի աշխատակիցների մի մասը գործունեություն կծավալի հեռավար եղանակով»,-հավելել է մեր զրուցակիցը։

Նա նշել է, որ, որպես միջանկյալ, նախարարության կողմից իրագործվում է նաև երկրորդ ծրագիրը, որը վերաբերելու է գների բարձրացմանը։

«Շուկայի վաճառականների շրջանում գնային անկառավարելի բարձացումը կանխելու նպատակով նախարարության կողմից ձեռնարկվել է փողոցային առևտուրը իսպառ վերացնելու գործընթաց` փուլային տարբերակով»,-ընդհանրացրել է Վ. Հարությունյանը։

 

  • Կիսվել: