ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ գրաված արցախցի մարզիկին

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ գրաված արցախցի մարզիկին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին,Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում սպորտի ոլորտի պատասխանատուները, մի խումբ մարզասերներ դիմավերել են   երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, արցախցի մարզիկ Վասակ Բարսեղյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությունը տեղի է  ունեցել սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Իտալիայի Լինյանո Սաբիադորո քաղաքում:

«Մասնակցում էին մարզիկներ աշխարհի 35 պետությունից: Արցախից ունեինք երկու մասնակից՝ Վասակ Բարսեղյանը մինչև 70 կգ քաշային կարգում և Լևոն Ծատրյանը 65 կգ քաշային կարգում: Լևոնի առաջին մենամարտը ֆրանսիացի մարզիկի հետ էր, և չնչին միավորների տարբերությամբ վերջինս հաղթեց: Վասակին հաջողվեց երկու հաղթանակ գրանցել մենամարտերում, սակայն երրորդ մենամարտում միավորներով զիջեց Պորտուգալիան ներկայացնող մարզիկին և վնասվածք ստացավ:  Բայց այս հաղթանակն Արցախի համար շատ կարևոր է, քանի որ վերջին անգամ այս մարզաձևում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում մրցանակային տեղ ունեցել ենք  երեք տարի առաջ»,-ասել է Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ, Արցախի խառը մենամարտերի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանը:

Նա նշել է,որ ընթացիկ տարում պետական աջակցությամբ կարողացել են մասնակցել բազմաթիվ մրցաշարերի, իսկ Կրասնոդարում՝  ուսումնամարզական հավաքների, ինչի շնորհիվ էլ կարողացել են հասնել արդյունքի:

«Կսպասենք Վասակի ապաքինմանը,որից հետո կպատրաստվենք Հնդկաստանի մայրաքաղաք Դելլիում կայանալիք առաջնությանը»,-հավելել է մարզիչը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վասակ Բարսեղյանի խոսքով՝ առաջին անգամ է մասնակցում նման մեծ մրցաշարի:

«Տրամադրվել էի մրցանակային առաջին տեղը գրավել,սակայն վնասվածքի պատճառով չկարողացա:  Չնայած դրան՝ ձգտելու եմ ոչ միայն Եվրոպայի, այլ նաև  աշխարհի չեմպիոնի տիտղոսին»,-հավաստիացրել է մարզիկը:

  • Կիսվել: