ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտում բողոքի ակցիայի հեղինակները թեկնածու Օսիպյանի կողմնակիցներն են. Ում դեմ են իրականում ուղղված այդ գործողությունները

Ստեփանակերտում բողոքի ակցիայի հեղինակները թեկնածու Օսիպյանի կողմնակիցներն են. Ում դեմ են իրականում ուղղված այդ գործողությունները

Ստեփանակերտում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած լարված իրավիճակ է ստեղծվել: Ամեն ինչ սկսվել է նորաստեղծ «Արցախի հեղափոխական կուսակցության» առաջնորդ, առաջադրված թեկնածու Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան հայտարարությունից:

Ի դեպ այս կուսակցությունը, ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց արցախցի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը, համարվում է «Միասնական հայրենիքի» (ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյան և Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայան) կցորդը։

«Դատելով նրանից, որ Արթուր Օսիպյանը պահանջում է Բակո Սահակյանից թույլ չտալ, որ ընտրություններին մասնակցի Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, կարող եք ենթադրել, որ ինչ-որ մի ուժ Հարությունյանին իր գլխավոր մրցակիցն է համարում ու նման կուսակցություն է ստեղծել, որպեսզի նրա դեմ քարոզչություն ծավալի»,- եզրակացնում է Աթանեսյանը:

Եվ այսպես Օսիպյանը երեկ պահանջ է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ եթե մինչև աշխատանքային օրվա վերջը ոստիկանությունը չփոխի իր որոշումը և վերջին հիգ տարվա մշտական բնակության մասին տեղեկանք չտրամադրի իր ղեկավարած համամասնական ցուցակում թեկնածուներից մեկին, բողոքի գործողություններ է սկսելու: Թեկնածուին արձագանքել է Արցախի ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ իրավապահ մարմբի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում:

Աթանեսյանը InfoPort.am-ին տեղեկացրեց, որ երեկ երեկոյան Արթուր Օսիպյանը իր մի քանի կողմանկիցների հետ միասին Արցախի Վերածնունդի հրապարակում՝ նախագահի նստավայրի մոտ ավտոերթ են կազմակերպել, ինչը ոստիկանների կողմից կասեցվել է՝ քաղաքային իշխանությունների հետ նախապես համաձայնեցված չլինելու հիմքով:

Ավելին, Արցախի ոստիկանության հաղորդմամբ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով երեկ ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման է ենթարկվել 8 քաղաքացի, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի, Վադիմ Ռաջաբի Գրիգորյանն է, որը դատապարտված է եղել սպանության համար և արտաքսված Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների կողմից:

Նշվում է նաև, որ նրա հայրը ադրբեջանցի է: Վադիմ Գրիգորյանը Արթուր Օսիպյանի գլխավորած «Ազգային հեղափոխական կուսակցության» համամասնական ցուցակում է ընդգրկված և զբաղեցնում է 17-րդ՝ վերջին հորիզոնականը:

Վահրամ Աթանեսյանն ասաց, որ այս կուսակցության ցուցակում ընդգրկված անձիք ոչնչով հայտնի չեն և նրանք հիմնականում Օսիպյանի բարեկամ-հարազատներն են: Օրինակ՝ թեկնածուներից մեկը՝ Վարդուհի Օսիպյանը նրա կինն է և այլն, մեծ մասը չեն աշխատում:

«Այս ցուցակում ընդգրկված անունները մեր հասարակությանը ոչինչ չեն ասում: Նրանք ոչ մեկը քաղաքական գործունեություն չեն ծավալել, քաղաքական գործիչ չեն, բացառությամբ Արարատ Պետրոսյանի, որը ԱԺ պատգամավոր է եղել», - ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է Արցախի եւ փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած ընտրությունների միջեւ հավասարության նշան դնել:

Նշենք, որ Արցախում ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին:

  • Կիսվել: