չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ստեփանակերտում արևմտահայ գրականությանը նվիրված ցերեկույթ է կազմակերպվել

Ստեփանակերտում արևմտահայ գրականությանը նվիրված ցերեկույթ է կազմակերպվել

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է գրական ցերեկույթ՝ նվիրված արևմտահայ գրականությանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրական ցերեկույթը կրում էր «Արևմտահայ գրողների հետ» խորագիրը:

Բուհի ռեկտոր Վարդան Հակոբյանի համոզմամբ՝ արևմտահայերենի և արևելահայերենի միասնությունը պիտի տանի դեպի ազգային միաբանության:

«Այսօր մեզ համար բավականին աններելի է, երբ մտնում ենք Մատենադարան, որտեղ կուտակված է դարերի մեր ժառանգությունը, և չենք կարողանում բնագրով շատ նյութեր կարդալ, որովհետև գրաբարով ու արևմտահայերենով են:

Արևմտահայ մեր գրողները՝ սկսած Դանիել Վարուժանից ու Պետրոս Դուրյանից, ովքեր Եղեռնի զոհ դարձան, հանճարեղ մարդիկ էին: Նրանք իրենց ժամանակներում ապրել են գրեթե նույնը, ինչն այսօր կրկնվում է»,- նշել է Վ. Հակոբյանը:

Համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ Զինաիդա Բալայանի խոսքով՝ Արևմտյան Հայաստանը հայոց աշխարհի սիրտն է, հայ գրականության մայրը, որը ոգեղեն լիցք է հաղորդում ու ներկայացնում հայոց պատմության անցումները՝ պատմագեղարվեստական նկարագրումներով:

«Պատահական չէ, որ մեր ժողովուրդն է քաղաքակրթության առաջին քարը դրել, ստեղծել՝ բարձրարժեք մշակույթ:

Եվրոպական ցանկացած երկրի մշակույթ աղերսներ է կրում հնագույն հայկական մշակույթից: Որքան քննում ենք մեր պոեզիան, այնքան համոզվում ենք, որ արևմտահայ բանաստեղծությունը գերակշռում է»,-հավելել է Զ. Բալայանը:

Գրական ցերեկույթի ընթացքում ուսանողներն ասմունքել են արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններից:

 

  • Կիսվել: