հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ստեփանակերտում ԱՀ ՊԲ կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում ԱՀ ՊԲ կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 8-ին, «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված ԱՀ ՊԲ կազմավորման 30-ամյակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Կարմեն Ասլանյանը նշել է, որ 1992 թվականի մայիսի 9-ը միշտ պետք է հիշենք ու մեծարենք այն քաջերին, ովքեր անհավանական մարտում կարողացել են ազատագրել մեր մշակութային հնամյա բերդաքաղաք Շուշին։
 
«Շուշիի ազատագրման օրը ստեղծվեց  կանոնավոր բանակ։ Այսօր մենք ապրում ենք ծանր ժամանակաշրջանում, և այն պետք է կարողանանք հաղթահարել։ Մեր կազմակերպությունը փորձել է տոնական օրվա խորհուրդը նորից ներդնել մեր հայրենակիցների հոգում։ Ես պարծենում եմ, որ ծառայել եմ ՊԲ շարքերում, որն ունի փառապանծ ուղի և որը կարողացել է պատվով հայրենիքի անվտանգությունն ապահովել»,-ասել է Կ. Ասլանյանը։
 
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք իր գործունեությունը պետք է ծավալի ի նպաստ հայրենիքի բարգավաճման, և համոզմունք է հայտնել, որ Արցախի հաղթանակները դեռ առջևում են։
 
Միջոցառմանը հայրենասիրական կատարումներով հանդես են եկել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան, Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցների, Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցի աշակերտները, Աշոտ Բաբայանի անվան պարի պետական, ԱՀ ազգագրական երգի, պարի պետական համույթները, որոնք «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով։
 

  • Կիսվել: