երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ստեփանակերտն էլ առաջ է քաշում իր պայմանները, որտեղ առաջինը միջազգային մեխանիզմ ստեղծելն է. Արամ Հարությունյան

Ստեփանակերտն էլ առաջ է քաշում իր պայմանները, որտեղ առաջինը միջազգային մեխանիզմ ստեղծելն է. Արամ Հարությունյան

Մեզ համար ընդունելի է Բաքվի հետ երկխոսությունը, բայց այն նախեւառաջ պետք է լինի հստակ ներդրված միջազգային մեխանիզմի շրջանակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով հանդիպման հնարվորություն երրորդ երկրի տարածքում անցյալ ամիս եղել է, սակայն հանդիպումը չի կայացել, Ստեփանակերտի՝ դրա օրակարգի մասին ունեցած մտավախությունների պատճառով, Արամ Հարությունյանն ասաց. «Այդ հնարավոր հանդիպման ընթացքում չպետք է լինի միակողմանի պարտադրված օրակարգ: Կարծում եմ այս համատեքստում որոշակի բախումներ են եղել, դրա համար էլ չի կայացել հանդիպումը:

Ինչու ենք մենք խոսում միջազգային մեխանիզմի մասին. սա ոչ թե ինքնանպատակ առաջարկություն է, այլ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը նույնիսկ եռակողմ հայտարարությունն է ստորագրել երկու ճանաչված երկրների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ, եւ այդ փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունները չի կատարում: Հիմա պատկերացրեք Արցախի հետ երկխոսության ժամանակ Ադրբեջանը որեւէ պայմանավորվածության հանգի, որտե՞ղ են երաշխիքները, որ դրանք կյանքի են կոչվելու: Մենք կարծում ենք, որ այդ միջազգային մեխանիզմը պետք է հետագայում այդ երաշխավորի դերը ստանձնի, որպեսզի ձեռք բերված պարտավորությունները կատարվեն»:

Հարցին, թե Բաքու-Ստեփանակերտ հնարավոր հանդիպման պարագայում հիմնական օրակարգը որն է, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Արցախի նախագահը օրեր առաջ Ազգային ժողովում ելույթ է ունեցել եւ հստակ ասել է, թե Ադրբեջանն ինչպիսի նախապայմաններ է առաջ քաշում երկխոսություն սկսելու համար: Նման նախապայմանները չեն կարող ընդունելի լինել, այսինքն հրաժարվել ինքնապաշտպանության իրավունքից, հետ կանգնել ինքնորոշման օրակարգից, խոսել միայն ինտեգրման շուրջ: Սա ի սկզբանե միակողմանի պարտադրված օրակարգ է, որի շուրջ հնարավոր չէ երկխոսություն ձեւավորել: Ադրբեջանը այս թեզն առաջ է քաշում հրապարակային բոլոր մակարդակներով: Ստեփանակերտն էլ առաջ է քաշում իր պայմանները եւ այդտեղ առաջինը միջազգային մեխանիզմ ստեղծելն է»:

Նա նաեւ հավելեց, որ այս պահին Բաքու-Ստեփանակերտ հնարավոր հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա:

  • Կիսվել: