ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները միջազգային փառատոններում մրցանակներ են նվաճել

Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները միջազգային փառատոններում մրցանակներ են նվաճել

Մայրաքաղաքի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաներն այս տարի առաջին անգամ հեռավար ձևաչափով մասնակցել են մարտի 30-ից ապրիլի 2-ը կայացած` «Փարիզի աստղերը» բանահյուսության, երաժշտության և պարի 24-րդ միջազգային մրցույթ-փառատոնին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ մրցույթ-փառատոնը նպատակ ունի բացահայտել ստեղծագործական խմբերի և մենակատարների շրջանում տաղանդավոր կատարողներին և հնարավորություններ ստեղծել բեմում ստեղծագործական ներուժի լիարժեք բացահայտման համար, ինչպես նաև նպաստել միջազգային բարեկամական և մշակութային կապերի ամրապնդմանը, Եվրոպայի և աշխարհի տարբեր մասերից մասնակիցների փորձի փոխանակմանը, ուսուցիչների և առաջնորդների մասնագիտական հմտությունների բարձրացմանը:

Մրցույթ-փառատոնին մասնակցում էին մենակատարներ, դուետներ, համույթներ ու ստեղծագործական խմբեր աշխարհի տարբեր երկրներից։ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցից 10-14 տարեկանների խմբում 8 աշակերտ ու մեկ համույթ է մասնակցել փառատոնին։ Միջազգային մրցույթ-փառատոնի Գրան Պրի մրցանակին են արժանացել Վլադիմիր Գալստյանն ու Ինեսսա Բաբայանը:

Դպրոցի սաներ Ելենա Սայիյանը, Վլադիմիր Գալստյանը, Վիլեն Զաքարյանը, Անահիտ Գրիգորյանը, Միքայել Համբարձումովը և Սրբուհի Սարգսյանն արժանացել են առաջին մրցանակային տեղին, իսկ Գայանե Պետրոսյանն ու Սաթենիկ Աթաջանյանը՝ երկրորդ մրցանակային տեղին։

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները մարտի 18-ից ապրիլի 23-ն էլ հեռավար ձևաչափով մասնակցել են նաև Երևանում անցկացվող «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային փառատոնին:

Արցախցի պատանիները միջազգային փառատոնին մասնակցել են ստեղնային նվագարաններ (դաշնամուր, ակորդեոն) և վոկալ (ակադեմիական) անվանակարգերում:

Անհատական կատարողների միջև Անահիտ Գրիգորյանը, Գայանե Պետրոսյանը, Վիլեն Զաքարյանն ու Միքայել Համբարձումովն արժանացել են առաջին կարգի մրցանակի, Ելենա Սայիյանը՝ երկրորդ, Տամիլա Հայրապետյանը՝ երրորդ կարգի մրցանակի:

Վլադիմիր Գասպարյան-Ինեսսա Բաբայան դաշնամուրային դուետն արժանացել է փառատոնի երկրորդ կարգի մրցանակի:

  • Կիսվել: