երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է». Forbes-ն  անդրադարձել է  Արցախում ստեղծված իրավիճակին

«Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է». Forbes-ն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

«IBA»-ի Մարդու իրավունքների ինստիտուտի իրավաբան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր, մարդու իրավունքների պաշտպան դոկտոր Էվելինա Օչաբը «Forbes» պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և դրա միջազգային արձագանքին։

«2023 թվականի օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի փորձագետների խումբը ահազանգել էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով տիրող տագնապալի իրավիճակի մասին։

Ինչպես ընդգծել են նրանք, 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի պարագաների սուր պակասի առջև, ազդել բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և վտանգել բնակիչների, հատկապես` երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղի կանանց և հիվանդների կյանքը:

Նրանք նախազգուշացրել են, որ տարածաշրջանը արագորեն սպառում է իր բժշկական պաշարները, և հիվանդանոցները դժվարանում են օգնություն ցուցաբերել: Փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով  մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին համապատասխան։

Լաչինի միջանցքը արգելափակվել էր ադրբեջանցի ցուցարարների կողմից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։ Ցուցարարները  բողոքում էին Լեռնային Ղարաբաղում բնական պաշարների ենթադրյալ ապօրինի արդյունահանման խնդրի դեմ։ Բողոքի ակցիան, որի արդյունքում արգելափակել էր  Լաչինի միջանցքը, դադարեցրել էր մարդկանց և ապրանքների բնականոն տեղաշարժը տարածքում կամ դրանից դուրս, ինչի արդյունքում սննդամթերքի, վառելիքի և բժշկական պարագաների սղություն է առաջացել: Ութ ամիս անց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վիճակը վերածվեց հումանիտար արտակարգ իրավիճակի, որը պահանջում է հրատապ արձագանք, սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել իրավիճակին լուծում տալու բոլոր կոչերը։
2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց, ինչպես նաև  անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

2023 թվականի փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը (ՄԴԴ)՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշում կայացրեց, ըստ որի` Ադրբեջանը պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։

Ադրբեջանը չի կատարել պահանջը, և Լաչինի միջանցքը շարունակում է արգելափակված մնալ։

2023 թ․ հուլիսի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում  խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Հաղորդվում է, որ պետքարտուղար Բլինքենն կարևորել էր Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ անցման հրատապությունը և ընդգծել այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական  բեռները կարողանան առաքվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Թե ինչպես ավարտվեց այս խոսակցությունը, պարզ չէ։

2023 թվականի օգոստոսի 8-ին միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, կարծիք է հրապարակել Լաչինի միջանցքի արգելափակման մասին՝ պնդելով, որ հիմք կա հավատալու, որ ցեղասպանություն է իրականացվում  Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ։ Նա նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ  հոդվածի․ «Խմբի համար կանխամտածված այնպիսի կենսապայմանների ստեղծում, որոնք նախատեսված են նրա ֆիզիկական ոչնչացման համար»: 

«Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անհապաղ արմատական փոփոխությունների հայերի այս խումբը կոչնչանա մի քանի շաբաթից»,- նշել է նա` կոչ անելով պետություններին գործել ցեղասպանությունը կանխելու իրենց պարտականություններին համապատասխան՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի առաջին հոդվածի։

  • Կիսվել: