ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ՝ Ստեփանակերտում և Շուշիում

Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ՝ Ստեփանակերտում և Շուշիում

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ՖԲ էջում գրառում է արել այն մասին, որ Ստեփանակերտում և Շուշիում  կբացվեն մարզիկներ Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ:

Ա. Հարությունյանը, մասնավորապես, գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի մոտ դիմավորեցի մեր դյուցազուններին՝ Եվրոպայի եռակի ու աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին և օրերս ծանրամարտի աշխարհի չեմպիոնական տիտղոսները նվաճած Սիմոն Մարտիրոսյանին և աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանին՝ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:

Շնորհավորելով նրանց փայլուն մրցելույթների համար՝ նախաճաշի սեղանի շուրջ աշխարհի և եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանի և ծանրամարտի Արցախի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանի մասնակցությամբ քննարկեցինք Արցախում ծանրամարտի զարգացման հեռանկարները:

Լավագույն լուծումը, որն առաջարկվեց մեր մարզիկների կողմից, նոր մազադպրոցների ու մարզադահլիճների բացումն է: Տեղում խոստացա նախաձեռնել չորս մարզադահլիճի բացման և կահավորման աշխատանքները, որոնցից երկուսի աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ:

Դրանցից առաջինը կլինի Ստեփանակերտում և իմ առաջարկով կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը, իսկ երկրորդը՝ Շուշիում՝ Նազիկ Ավդալյանի անվամբ: Մյուս մարզադահլիճները ևս կկրեն մեր լեգենդար ծանրորդների անունները, բայց այդ մասին՝ ավելի ուշ:

Նրանք էլ իրենց հերթին խոստացան ավելի հաճախ լինել Արցախում և արցախցի պատանի մարզիկների հետ հետևողական աշխատանք տանել: Իհարկե, այս գործում իր «ծանր քաշային» դերակատարությունը պիտի ունենա մեր ծանրամարտի ասոցիացիան: Հուսով եմ՝ մարզաձևի արցախցի ապագա չեմպիոնների համար այս օրը պատմական կդառնա»:

  • Կիսվել: