չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շվեդիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա

Շվեդիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա

Շվեդական Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի և ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության անդամները հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նրանց ագրեսիան «հակաահաբեկչական գործողություն է», որը նրանք ձեռնարկել են Լեռնային Ղարաբաղում, սակայն դա, կարծես, հերթական փորձն է ավարտին հասցնելու էթնիկ զտումների իրենց քաղաքականությունը, երբ հրթիռակոծվում են քաղաքացիական բնակավայրերը, ինչպիսիք են Ստեփանակերտ քաղաքը և այլ քաղաքներ ու գյուղեր: Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներս և ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության անդամներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և զանգվածային ոճրագործությունը, որը շարունակությունն է ուղիղ երեք տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ուժի կիրառման:

Հայկական կողմը բազմիցս զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, անթաքույց ռազմատենչ հռետորաբանությունը, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «ահաբեկիչներ» անվանող բացարձակ ստահոդ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում է մեկ նպատակ ՝ ուժի կիրառմամբ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և զրկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից:

2022 թվականի դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը նույն նպատակն են հետապնդում։

Մենք՝ ներքոստորագրյալներս, նույնպես մտահոգված ենք կեղծ տեղեկատվության տարածմամբ, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից: Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան և կոչ ենք անում միջազգային գործընկերներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, որոնք գլխավոր պատասխանատվությունն են կրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, ներառյալ ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: