կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի․ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային հանրությանը

Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի․ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային հանրությանը

Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի՝ վերականգնելու հոսանքի մատակարարումը Արցախ․ հրատապ պահանջ միջազգային հանրությանը։ Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Մեկ ամսից ավելի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ փաստացի պատանդ պահելով 120 000 մարդու, որից 30 000-ը՝ երեխա, 20 000-ը՝ ծեր, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող։ 

Ադրբեջանն Արցախում ստեղծել է հումանիտար արտակարգ իրավիճակ, որի հետևանքով՝

  •  Ձմեռային ցուրտ պայմաններում Արցախը հոսանքազրկված է. Հայաստանից սնուցվող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար: Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ,
  • Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները և խոչընդոտում է նորոգման աշխատանքները, 
  •  Ադրբեջանը արգելափակել է սննդամթերքի, դեղորայքի և առհասարակ բոլոր մատակարարումներն Արցախ,
  •  Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից, սննդի պակասի պատճառով փակվել են ավելի, քան 100 կրթական հաստատություններ,
  •  Հազարավոր ընտանիքներ բաժանված են, երեխաները գտնվում են ծնողներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Ադրբեջանին անպատժելի թողնելու պայմաններում Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության նպատակն է հայաթափել Արցախը։ Դրա վկայությունն է նաև Ալիևի վերջին հայտարարությունը, որ եթե հայերը Արցախում չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել՝ միջանցքը բաց է, կարող են գնալ»,- գրել է նա։

  • Կիսվել: