կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում գազով ջեռուցվող ջերմոցներում բանջարեղեն չի մշակվում, սածիլները վնասվել են․ նախարար

Արցախում գազով ջեռուցվող ջերմոցներում բանջարեղեն չի մշակվում, սածիլները վնասվել են․ նախարար

Ադրբեջանական շրջափակումն Արցախի տնտեսության ինչպես բոլոր ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության վրա իր բացասական հետքն է թողել:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը՝ հավելելով, որ պայմանավորված հիմնականում բենզինի և դիզվառելիքի սղությամբ՝ գյուղատնտեսական բոլոր աշխատանքները վաղուց դադարեցվել էին և  միայն վերջերս են մեկնարկել:

«Փորձել ենք դիզվառելիք տնտեսել, ինչի շնորհիվ պահուստային ֆոնդից այս պահին այն տրամադրում ենք հողօգտագործողներին, որպեսզի կարողանան իրականացնել գարնանացանի աշխատանքները»,-մանրամասնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ ներկայում հիմնականում իրականացվում են գարնանացանի աշխատանքներ՝ տրամադրում են սերմեր ու դիզվառելիք, կարգավորում են բենզինի հետ կապված խնդիրները: «Գյուղատնտեսական այն բոլոր աշխատանքները, որոնք ունեն սեզոնային բնույթ, պահպանվում են: Կարող եմ հստակ ասել, որ դիզվառելիքի սղության հետևանքով գյուղատնտեսական, մասնավորապես հողագործության հետ կապված ոչ մի աշխատանք չի տուժել: Շրջափակման հենց սկզբից վառելիքի մասով որոշ սահմանափակումներ են եղել, որպեսզի կարողանանք տնտեսել հետագա աշխատանքների համար»,-պարզաբանեց  նախարարը:

Նրա խոսքով, այն հողօգտագործողները, ովքեր չեն հասցրել աշնանացան մշակաբույսերի ցանքսն ավարտին հասցնել,  մնացած հողամասերը կարող են ներառել գարնանացանի տակ՝ օգտվելով համապատասխան ծրագրերից: Հողօգտագործողների ներկայացրած հայտերի հիման վրա արդեն մեկնարկել է գարնանացանի համար անհրաժեշտ դիզվառելիքի և սերմացուների տրամադրումը:

 

Մինչ այդ դիզվառելիք և բենզին տրամադրվել է այն ջերմոցներին, որոնք ջեռուցվում էին և ունեին գեներատորներ:

 Նախարարի հավաստմամբ՝ կտրամադրվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հողօգտագործողները կարողանան աշխատանքները կատարել: Գարնանացանի համար իրականացվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսությամբ զբաղվելու, հող մշակելու ցանկություն հայտնող բոլոր անձանց տրամադրվում են գրեթե բոլոր տեսակի բանջարաբոստանային և այլ համապատասխան սերմացուներ՝ ըստ հեկտարի և գործողությունների սահմանված չափերով:

 

«Նախկինում այս ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ էր ունենալ 0,5 հեկտար հողատարածք, այժմ՝ 0,1 հա: Խոսքը վերաբերում է բանջարաբոստանային մշակաբույսերին, իսկ մյուսների դեպքում ավելի մեծ տարածքներ են անհրաժեշտ, քանի որ նպատակահարմար չէ 1000 կամ 2000 քառակուսի մետրի վրա, օրինակ հնդկացորեն ցանել»,-ընդգծեց Գյուղատնտեսության նախարարը:

Անդրադառնալով ջերմոցային տնտեսությունների հարցին, մեր զրուցակիցը փաստեց, որ Հայաստանից Արցախ գազամատակարարման պարբերական խափանումներն Ադրբեջանի կողմից լուրջ խնդիրներ են առաջացրել գազով ջեռուցվող ջերմոցների տնտեսվարողների համար:

 «Մարդիկ հաճախ են բարձրաձայնում, որ ջեռուցվող որոշ ջերմոցներում ներկայում բանջարեղեն չի մշակվում: Խնդիրը պայմանավորված է նրանով, որ տնտեսվարողները ժամանակին առնչվել են գազի անջատման հետ, ինչի հետևանքով վնասվել են սածիլները և այլն: Այդուհանդերձ, ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ ծրագիրը շարունակվում է և փորձում ենք ավելի բարելավվել՝  առավել հարմար պայմաններով,  ուղղվածությունն ու շեշտը դնելով հիմնականում ջեռուցվող ջերմոցների վրա»,-պարզաբանեց գյուղոլորտի ղեկավարը՝ նշելով, որ ջերմոցների քանակն Արցախում քիչ չէ, սակայն պակասում են ջեռուցվողները: Նախարարի հավասմամբ, առաջիկա օրերին ջեռուցվող ջերմոցներում մշակվող բանջարեղենի որոշակի խմբաքանակ արդեն շուկայում կլինի:

Այս ընթացքում բավականին տուժել է նաև անասնաբուծության ճյուղը.  անասնակերի պակասի պատճառով ֆերմերները ժամանակից շուտ են իրականացնում կենդանիների մորթը: Բացի այդ, շուկայում տավարի մսի պակաս է նկատվում, որը նախարարի պարզաբանմամբ, առաջացել է պատերազմից հետո՝ արոտավայրերի և անասնագլխաքանակի կորստի պատճառով: Շրջափակման պայմաններում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնած Հրանտ Սաֆարյանն առաջնահերթություն է համարում պարենային անվտանգությունն ապահովումը:

 «Այս առումով կուտակված փորձ արդեն կա, ուղղակի պետք է ավելի շատ ներդրումներ կատարել: Պարենային ինքնաբավությունից, ճիշտն ասած, դեռ հեռու ենք: Մեկ տարում չենք կարող դրան հասնել, ժամանակ է պետք: Այսօր գյուղատնտեսության ոլորտում պահանջվող համապատասխան ներդրումները կատարելու դեպքում, կարծում եմ, երկու-երեք տարում կարող ենք լավ արդյունքներ ունենալ»,-համոզմունք հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ փոփոխվել են որոշ ծրագրեր,  ընդլայնվել՝  արտոնություններ, ինչի արդյունքում հողօգտագործողներն առաջիկայում կզգան նախարարության աջակցությունը, իսկ անասնապահության ճյուղում կփորձեն ծրագիր մշակել՝ կերի ու կորուստների խնդիրները ինչ-որ կերպ լուծելու համար:

  • Կիսվել: