չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է. Արցախի ԱԳՆ

Շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է. Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունեությունը` ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Երախտագիտություն ենք հայտնում այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության կանխման անհրաժեշտության վերաբերյալ։

Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին։ Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի դիմումը միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի ժողովրդի ճակատագրում։

 

Կրկին ընդգծում ենք, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է։ Ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ ունի վտարել Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից։ Կարևորում ենք միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնացումը կոնկրետ քայլերի իրականացման վրա՝ միտված Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի խափանմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: