կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շրջափակման հետևանքով Արցախում գործող գորգագործական ընկերությունում ավելի քան 40 աշխատակից պարապուրդի է մատնվել

Շրջափակման հետևանքով Արցախում գործող գորգագործական ընկերությունում ավելի քան 40 աշխատակից պարապուրդի է մատնվել

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով՝   «Արցախ Կարպետ»  գորգագործական ընկերության  45 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվել :

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Արցախ Կարպետ» ՍՊ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը՝ հավելելով, որ շրջափակման պատճառով կանգնել են ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքը շուկա արտահանելու խնդիրների առջև, քանի որ  իրացումը կատարվում է  Երևանում գործող խանութ-սրահի միջոցով:

«Հումքի խնդրով  պայմանավորված՝   չենք  կարող  նոր աշխատանք սկսել, իսկ  ունեցածով  կարողացել ենք միայն ավարտին հասցնել կիսատ մնացած գորգերն ու կարպետները:  Բոլոր աշխատողներն այժմ  հարկադրված պարապուրդի են մատնվել: Ընդ որում այս աշխատանքը նրանց հիմնական եկամտի աղբյուրն է: Աշխատանքից ոչ ոքի չենք ցանկանում հեռացնել, որովհետև խնդիրը նախ բարոյական նշանակություն ունի,  իսկ բացի այդ, նաև մասնագետներ կորցնելու տեսանկյունից է կարևոր : Գորգ գործելու  համար տարիներ շարունակ մենք  պատրաստել ենք աշխատակիցներին, ովքեր  վարպետների հետ  ուսուցման  տևական փուլեր են անցել»,-մանրամասնեց Սևակ Խաչատրյանը:

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով չաշխատած անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:
Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է՝

անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի ու ֆիզիկական անձանց)՝ 136 000 ՀՀ դրամի չափով.

արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց` 68 000 ՀՀ դրամի չափով:

  • Կիսվել: