հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շրջափակման երկարաձգվելու դեպքում կխորանան դիզվառելիքի, սերմացուների ու պարարտանյութերի հետ կապված խնդիրները. ԳԳԱՀ տնօրեն

Շրջափակման երկարաձգվելու դեպքում կխորանան դիզվառելիքի, սերմացուների ու պարարտանյութերի հետ կապված խնդիրները. ԳԳԱՀ տնօրեն

Պահուստային ֆոնդում առկա միջոցների հաշվին արդեն մեկ ամիս է, ինչ վերսկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, սակայն նախատեսվածից քիչ ծավալով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանը:

«Շրջափակման հետևանքով գյուղատնտեսական աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել էին՝ պարարտանյութերի, սերմերի ներկրման անհնարինության, ինչպես նաև դիզվառելիքի սուղ պաշարների պատճառով։ Այդուհանդերձ, շրջափակման շարունակականության պատճառով, հնարավոր է խորանան վառելիքի, սննդամթերքի, սերմացուների ու պարարտանյութերի պակասի հետ կապված խնդիրները։ Այս պահին առաջնայինն ու հրատապը պարարտանյութերի հարցն է, որն անմիջապես կապված է բերքատվության ու բերքի որակի հետ:

Դրանց բացակայության դեպքում բերքատվության նվազման լուրջ խնդիրներ կառաջանա»,-ընդգծեց Հիմնադրամի գործադիր տնօրենը: Նրա տեղեկատվությամբ՝ շարունակվում է գարնանացան սերմերի տրամադրման գործընթացը՝ նախապես հայտեր ներկայացրած բոլոր հողօգտագործողներին:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսվել է կարտոֆիլի սերմերի տրամադրման գործընթացը։ Ի դեպ՝ պարտադիր պահանջ է հողօգտագործողին պատկանող առնվազն 0,1 հեկտար հողատարածքի առկայությունը, որի դեպքում տրամադրվում է ոչ պակաս քան 250 կիլոգրամ կարտոֆիլի սերմացու»,-մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կորնգանի, առվույտի, կտավատի, հնդկաձավարի, ոլոռի, եգիպտացորենի ու ոսպի սերմերը, ըստ կառավարության համապատասխան որոշման, պետության կողմից սուբսիդավորվում են 100 տոկոսով:

Այս պահին հողօգտագործողներին են տրամադրվում կարտոֆիլի, հաճարի կտավատի առվույտի ու կորնգանի սերմեր: Մոտ օրերս կսկսվի եգիպտացորենի, հնդկացորենի, սիսեռի, ոլոռի սերմերի տրամադրումը: Հիմնադրամի ղեկավարի համոզմամբ՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում գյուղատնտեսական աշխատանքները նոր թափ կստանան:

  • Կիսվել: