երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջափակմամբ պայմանավորված` շինարարական որևէ աշխատանք իրականացնելու հնարավորություն չունենք. նախարար

Շրջափակմամբ պայմանավորված` շինարարական որևէ աշխատանք իրականացնելու հնարավորություն չունենք. նախարար

Շինհարթակներում վաղուց չեն իրականացվում շինարարական աշխատանքներ: Անավարտ աշխատանքները շատ են, իսկ շինարարության ծավալը հասցված է մինիմալի:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տված հարցազրույցի ընթացքում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարար Ազատ Համբարձումյանը՝ ներկայացնելով շրջափակման հետևանքով ոլորտում առաջացած խնդիրները:

«Նախքան շրջափակումը` Արցախի Հանրապետությունում իրականացվում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ` տարբեր ոլորտներում: Հիմնական շեշտը դրված էր բնակարանաշինության և ճանապարհաշինության վրա: Օրինակ՝ բնակարանաշինության ոլորտում նախատեսված էր մինչեւ 2025 թվականը փուլերով շահագործման հանձնել 3700 բնակելի տուն: Բայց, ցավոք սրտի, այս պահի դրությամբ բոլոր աշխատանքները լրիվությամբ դադարեցված են: Շրջափակումից հետո նախարարությունը շարունակել է որոշ շինարարական կազմակերպությունների, շինանյութերի խանութների` նախկինում պահեստավորած շինանյութերով աշխատանքներ իրականացնել, որոշ ժամանակ անց հնարավորություն է ստեղծվել ներկրել ցեմենտ, որը տրամադրվել է շրջվարչակազմերին և շինարարական կազմակերպություններին՝ աշխատանքները շարունակելու համար: Այս պահի դրությամբ ներկրում չկա, իսկ շինարարական խանութներում շինանյութերը սպառվել են, եւ որեւէ աշխատանք իրականացնելու հնարավորություն չունենք»,-ներկայացրել է Ա. Համբարձումյանը:

Նա նշել է, որ, շրջափակման հարուցած խնդիրներից բացի, ոլորտը մեծ վնասներ է կրել նաև բնական աղետներից: Ուժեղ քամիներից և կարկտահարությունից տուժել են Ասկերանի և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքների բնակելի տներ և հասարակական նշանակության օբյեկտներ, որոնց վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 18 հազար քառակուսի մետր տանիքածածկ. տրամադրվել է, սակայն, միայն 5 հազար քառակուսի մետր տանիքի շինանյութ:

«Եթե վերականգնման աշխատանքներ չարվեն, եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում` լուրջ խնդիրներ կառաջանան: Վնասվել է նաև Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի` կապող միակ կամուրջը, որը վառելիք չլինելու պատճառով հնարավոր չէ վերականգնել, և կառուցված ժամանակավոր ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ամտոմեքենաների համար»,-հավելել է Քաղաքաշինության նախարարը:

Ա. Համբարձումյանը իրազեկել է, որ դադարեցված են նաեւ վերանորոգման աշխատանքները` առանձնանշելով, որ հատկապես կարեւոր նշանակություն ունեն մի շարք կրթօջախներում մեկնարկած աշխատանքներ, որոնք այս պահին, շրջափակման հարուցած խնդիրներով պայմանավորված, չեն իրականացվում:

  • Կիսվել: