Շրջափակմամբ պայմանավորված` խիստ դժվարացել է հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Արցախի ութամսյա շրջափակումն իր բացասական ազդեցությունն է թողել բնակչության բոլոր շերտերի վրա, բայց պետք է առանձնանշել, որ հատկապես խոցելի են հաշմանդամություն ունեցող անձինք:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բժիշկ-վերականգնողաբան Գոհար Խաչատրյանը:
«Ինչպես բոլորը, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձինք, բախվում են տարրական կենսական նշանակության խնդիրների, ինչպիսիք են անբավարար սննդամթերքը կամ հաճախ նաեւ սննդամթերք չլինելը, իսկ բալանսավորված սնուցումը մարդու օրգանիզմի նորմալ ֆիզիկական և հոգեկան առողջության գրավականն է: Վերջերս ականատես ենք լինում հատկապես թերսնուցված մարդկանց առողջական վիճակի վատթարացման, ովքեր բազմամարդ հերթերում ուշագնաց են լինում, ինչի պատճառ է նաեւ մարդկանց գերլարված հոգեկան վիճակը: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատկապես խնդրահարույց են վառելիք չլինելը, ինչն անհնար է դարձնում նրանց տեղափոխումն ու տեղաշարժը, հետևաբար` նրանք զրկվում են առօրյա պատշաճ խնամքից»,-մանրամասնել է Գ.Խաչատրյանը:
Նա նշել է, որ կենտրոնի տնային այցելության բաժանմունքի աշխատակիցները տնայցեր են իրականացնում ծանր հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր անկողնային հիվանդներ են, և, գնահատելով բուժառուների վիճակը, տրամադրում առաջին անհրաժեշտության անձնական հիգիենայի պարագաներ(տակդիր, տակդիրի սավան), սակայն արդեն բախվում են բժշկական պարագաների խիստ սղության խնդրի հետ: Դիզվառելիքի սուղ պաշարների պատճառով մասնակի դադարեցվել են նաև տնայցերը, հատկապես` շրջաններ, իսկ մայրաքաղաքում փորձում են հնարավորինս օգնել շահառուներին: Խնդիր է առաջացել նաև Վերականգնողական կենտրոնի` շրջաններում բնակվող բուժառուների համար:
«Ստացիոնար բաժանմունքում բուժվող քսան բուժառու ունենք, ովքեր մնում են մեզ մոտ. ունենք նաև մայրաքաղաքից բուժառուներ, ովքեր տեղաշարժվելու խնդիր չունեն: Գործում է նաեւ աուտիզմի բուժման ու ցերեկային խնամքի կենտրոնը, որտեղ օրական հաճախում է «Աուտիզմ և զարգացման գլոբալ հապաղում» ախտորոշում ունեցող քսանչորս երեխա: Կենտրոնի` ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներին, ովքեր անվաթոռով են, սպասարկում է կենտրոնի՝ հատուկ հարմարեցված տրանսպորտը, բայց, այնուամենայնիվ, մնացած բուժառուների տեղափոխումը շարունակում է օրախնդիր մնալ»,-հավելել է նա:
Գ.Խաչատրյանը փաստեց` քանի որ հիմնական բուժումը, վերականգնողական ծառայությունը բուժական ֆիզկուլտուրա է, ջրաբուժություն, մեխանոթերապիա և դեղորայքից կախվածություն չունի: Սակայն դեղորայքի սղությունը և բժշկական պարագաների պակասը ավելացնում են հիվանդությունների բարդությունների ցուցանիշները, որի հետ ևս անձնակազմն ու բուժառուների բախվում են ամեն օր: