ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շրջափակմամբ պայմանավորված՝ հավաքագրված եկամուտները նախորդ տարվա համեմատ թերակատարվել են 23,9 տոկոսով. ԱՀ ՊԵԿ

Շրջափակմամբ պայմանավորված՝ հավաքագրված եկամուտները նախորդ տարվա համեմատ թերակատարվել են 23,9 տոկոսով. ԱՀ ՊԵԿ

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված շարունակվել է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը՝ կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է թողել 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա։

Այս մասին նշել են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ տեղեկացնելով, որ նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 9 միլիարդ 462,7 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 13,000 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 72,8 տոկոս կամ պակաս 3 մլրդ 537,3 մլն դրամով:

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 23,9 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2,978.9 մլն դրամ:

  • Կիսվել: