ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շեխեր, Ջիվանիկ ու հարակից գյուղերում ընթացել են դիվերսիոն խմբերի չեզոքացման թեժ մարտեր. Հովհաննիսյան

Շեխեր, Ջիվանիկ ու հարակից գյուղերում ընթացել են դիվերսիոն խմբերի չեզոքացման թեժ մարտեր. Հովհաննիսյան

Այսօր առավոտվանից տարբեր ուղղություններով շարունակվել են ռազմական գործողությունները, օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով, երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Օրվա մեջ թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսոին ներթափանցման գործողություններ իրականացրած խմբերի չեզոքացման մարտերը, գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ հարակից անտառներով, չեզոքացման աշխատանանքրեը դեռ շարունակվում են:

Հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում:

Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել շատ ավելի հարավ՝ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ։ Ընդհանուր առմամբ լարվածությունը պահպանվում է։ Հիմնականում ընթանում են օջախային մարտեր։ Հստակ բնագծեր այս պահին չկան այս ուղղությամբ։ Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր զինված ուժերի կողմից։ Սա է իրական դրությունը։

Մեր հաջողությունները հաստատուն են։ Պատերազմը լարված է, ծանր է, շատ հաճախ լինում են իրավիճակներ, որոնք ոմանց ընկալմամբ տեղային փոքր տեղեկությունների հիման վրա թվում են անելանելի, սակայն այդպես չէ։ Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում հասցնում են կործանարար հարվածներ, չնայած որոշ ուղղություններում հակառակորդն ունի առաջխաղացումներ՛՛:

Հովհաննիսյանը հավելեց, որ հիմնականում օջախային մարտեր են ընթանում, և հստակ բնագրծեր չկան:

 

  • Կիսվել: