շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շատերի հրապարակային հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ․ ԱՀ պետնախարար

Շատերի հրապարակային հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ․ ԱՀ պետնախարար

Այսօր ամենատարածված ու ներկայանալու համար ամենահարմար եղանակը «արդարություն, օրենքի առջև հավասարություն, արտոնյալների վերացում» և նմանօրինակ հայտարարություններով հանդես գալն է: Այն ունի հանրային մեծ պահանջարկ և բազմաթիվ սպասավորներ: Ես հրապարակային խոսքում մի քանի անգամ նշել եմ, հիմա կրկին շեշտում եմ, պետությունը և հանրությունը պետք է անընդհատ ձգտեն բացարձակ օրինականության, բայց արդյոք մենք պատրաստ ենք և իրականում ձգտում ենք դրան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ցավոք շատերի հրապարակային  հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ: Ավելի քան մեկ ամիս է, իրականացնում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պարտականությունները, այդ ընթացքում ընդունել եմ բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների և այդ հանդիպումների ընթացքում հաճախակի եմ առնչվել իրենց օգտին բացառություններ անելու, օրենքը շրջանցելու կամ ըստ հարմարավետության կիրառելու, առանց հիմնավորման պետական աջակցություն ստանալու և նմանօրինակ այլ դիմումների, խնդրանքների ու առաջարկների:

Յուրաքանչյուր անգամ իմ կողմից տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ ու գնահատականներ, բայց ժամանակը խնայելու և այն առավել օգտակար նպատակի ծառայեցնելու համար ուզում եմ հայտարարել, որ անիմաստ են վերը նշված շարժառիթներով ու նպատակներով անձամբ կամ միջնորդի միջոցով ինձ դիմելու փորձերը, դրանք արժանանալու են բացասական պատասխանի:

Մյուս կողմից, գիտակցելով քաղաքացիներին մտահոգող խնդիրների բազմազանությունն ու հրատապ լուծման կարիքը, խնդրում եմ լինել համբերատար ու փորձել համընդհանուր կարգապահությամբ և օրինապաշտությամբ նպաստել հանրային հարաբերությունների արդարացի կարգավորմանն ու պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության օրինականության, կամայականության արգելքի և վարչարարության համաչափության սկզբունքների իրացմանը»:

  • Կիսվել: