հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի խափանմամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների ու ապրանքների մատակարարմանը՝ մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նման տեսակետ հայտնեց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը: 

«Շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի այն կարողանա իր կենսական աշխատանքներն իրագործել: Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները»,- ասաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ տեղի ունեցող միջազգային գործընթացները, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ վերջին շրջանում հյուրընկալած հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ջանքերը խաղաղության հասնելու ուղղությամբ՝ պետքարտուղար Բլինքենի մասնակցությաբ:

ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության  հասնելու համար: Նրա համոզմամբ՝ միայն դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ է հնարավոր կողմերին ավելի մոտեցենել խաղաղությանը։   

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: