ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շարունակում ենք ականատես լինել արտահայտվող մտահոգությունների, բայց ոչ գործնական քայլերի. ԱՀ ՄԻՊ

Շարունակում ենք ականատես լինել արտահայտվող մտահոգությունների, բայց ոչ գործնական քայլերի. ԱՀ ՄԻՊ

Մենք շարունակում ենք ականատես լինել արտահայտվող մտահոգությունների և հայտարարությունների միայն, բայց ոչ գործնական քայլերի:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Աշխարհում որևէ երկրի օմբուդսմենի հասատությունը այդ աստիճան և այդպիսի խորությամբ փաստահավաք աշխատանքներ չի իրականացնում իր մանդատի շրջանակներում` իր ժողովրդի իրավունքների խախտումների մասին արձանագրող և բարձրաձայնող: Բոլոր զեկույցներն ուղիղ դրվում են միջազգային տարբեր դերակատարների սեղաններին. մենք չենք բավարարվում միայն մի խողովակով նրանց հասցնելով, այսինքն` ոչ միայն հրապարակում ենք դրանք, այլ նաև` առանձին էլեկտրոնային հասցեներով ուղարկում ենք հազարավոր մարդկանց, խնդրում մեր ներկայացուցչություններին և Հայաստանի Հանրապետության դիվանագետներին տարբեր երկրներում ուղիղ տպագիր տարբերակով այդ զեկույցները, հայտարարությունները տարածել միջազգային կազմակերպություններում և տարբեր պետությունների արտաքին քաղաքական գերատեսչություններում:

Ինչու՞ է, սակայն, այս վիճակը: Ես առիթ ունեցել եմ խոսելու դրա մասին և Ազգային ժողովում կայացած տարեկան հաղորդման շրջանակներում ունեցած ելույթիս ընթացքում նշել եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը մղվել է երկրորդ պլան: Տարբեր քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական շահերից ելնելով` պետությունները շատ հաճախ վճռականություն չեն ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելու համար: Ես միայն սա եմ տեսնում: Այսինքն` իրազեկման, ահազանգման այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել և այսօր էլ շարունակում են իրականացվել ոչ միայն մեր, այլ նաև սփյուռքյան մեր կառույցների, Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից, տարբեր անհատների կողմից, ավելի քան բավարար են համարժեք պատասխան տալու և արձագանքելու համար: Բայց, ցավոք սրտի, մենք շարունակում ենք ականատես լինել մտահոգությունների և հայտարարությունների միայն, և ոչ գործնական քայլերի: Ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ մենք չպետք է հուսալքվենք, այլ, պետք է նաև դատապարտենք միջազգային հանրության այդ վարքագիծը` պահանջելով, որ մտահոգություններից արդեն մեկ քայլ առաջ անցնեն` կատարեն գործնական քայլեր, այդ թվում` Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների կիրառում: Կարծում եմ, որ մեր համառության, վճռականության և հուսալի աշխատանքի շնորհիվ մի օր նաև այդ արդյունքը կարող ենք գրանցել»,-նշել է Գ.Ստեփանյանը:

  • Կիսվել: