չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵԽ նախագահ Շառլ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, որովհետև սա գոյապայքար է. ԱՀ ԱԳՆ ղեկավար

ԵԽ նախագահ Շառլ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, որովհետև սա գոյապայքար է. ԱՀ ԱԳՆ ղեկավար

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատության շնորհանդեսը: Գիրքը պատրաստել է Արցախի ԱԳՆ-ը: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ աշխատությունը պարունակում է Արցախի մասին փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ: Շնորհանդեսին ներկա լրագրողները օգտվելով առիթից Բաբայանին հարցեր են ուղղել նաև Արցախի հիմնախնդրի կարգավորման և ներկայիս իրավիճակի մասին:

«Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։ Դա բերելու է անկանխատեսելի, հիմնարար, աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությունների, որից հետո լրիվ այլ գլոբալ հավասարակշռություն է ստեղծվելու։ Չեմ չափազանցնում, կան նույնիսկ փոքր կետեր, որոնցից կարող է կախված լինել տարածաշրջանի և գլոբալ ապագան»,- ասել է Արցախի արտաքին գործերի նախարարը։
 

Արցախի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ եթե դու սկզբունքայնություն ես դրսևորում, ազդում է։ Որպես օրինակ՝ Դավիթ Բաբայանը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։

«Այդ սարսափելի հայտարարությունը՝ Ղարաբաղի հայեր և այլն։ Արցախից շատ կոշտ արձագանքը՝ հավաքական, բոլոր տեղերից, բերել է նրան, որ Տոյվո Կլաարը և  մյուսները սկսել են արդարանալ, թե մենք դա նկատի չունեինք։ Հիմա եթե դու կուլ ես տալիս, թե՝ մեզանից բան չէ կախված․․․ ո՞վ է ասել՝ կախված չէ, շատ բան է կախված, ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչպես ենք մեզ դրսևորելու, ինչ քաղաքականություն ենք վարելու։ Պետք չէ թերագնահատել և հուսահատվել։ Այս ուղերձները Միշելն ու մնացածները միշտ պետք է լսեն։ Շառլ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, որովհետև սա գոյապայքար է, մենք չենք անպատվում Միշելին, ասում ենք՝ սա քո մոտեցումն է, սա էլ մենք ենք, մենք էլ այսպես ենք մտածում։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ չկա այլընտրանք, չափազանց սխալվում է, այլընտրանքը միշտ կա, որովհետև աշխարհաքաղաքականությունը տալիս է այլընտրանքներ, և կարևորագույն տարածաշրջաններում վակուում չի առաջանում երբեք»,- նշել է Դավիթ Բաբայանը։

  • Կիսվել: