երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սերժ Թանկյանն իր նկարների ցուցահանդեսով ցանկանում է աշխարհի ուշադրությունը հրավիրել շրջափակման մեջ գտնվող արցախցիների վրա

Սերժ Թանկյանն իր նկարների ցուցահանդեսով ցանկանում է աշխարհի ուշադրությունը հրավիրել շրջափակման մեջ գտնվող արցախցիների վրա

Նոր Զելանդիայում օրերս կայացել է ամերկահայ հայտնի երաժիշտ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանի նկարների ցուցահանդեսը, որը կրում է Kiwi in Pangea խորագիրը։ Օքլենդի ցուցասրահում կայացած հարց ու պատասխանի ժամանակ աշխարհահռչակ ռոքերը նշել է, որ իր նկարների շարքը կենտրոնացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին ուղղված ճնշումներին։ 

«Դեկտեմբերից սկսած իրենց էկո-ակտիվիստներ անվանող ադրբեջանցիները շրջափակման մեջ են պահում Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միակ ճանապարհը։ Դրա պատճառով ավելի քան 100 հազար հայեր գտնվում են սննդի եւ դեղորայքի ճգնաժամային վիճակում»,-գրում է նորզելանդական 1News կայքը։ 

Թանկյանն իր հարցազրույցում նշել է, որ ոչ ոք, կարծես, զգալի գործողությունների չի դիմում, օրինակ սանկցիաներ կիրառում Ադրբեջանի դեմ՝ իրավիճակը լուծելու համար։ Նա հավելել է, որ Նոր Զելանդիան եւս ոչինչ չի ասել թեմայի շուրջ:

«Նոր Զելանդիայում շատերը չգիտեն այս թեմայի մասին, քանի որ Արցախն ու այնտեղ ապրող մարդիկ, գուցե, ոչինչ չեն կարող առաջարկել Արեւմուտքին։ Ես շեշտում եմ «գուցե» բառը»։

Ավելի վաղ, Թանկյանն իր ինստագրամյան էջում ցուցահանդեսի բացումից լուսանկար էր հրապարակել բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանի հետ՝ վերջինին շնորհակալություն հայտնելով այցելության համար։

  • Կիսվել: