«Սեր Արցախ» նախագիծն արդեն մեկ տարի իրականացվում է Արցախում՝ նույնիսկ շրջափակման պայմաններում
Այսօր՝ հունիսի 1-ին, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամն իր հերթական ծրագրի՝ «Սեր Արցախ» բարեգործական նախագծի շրջանակներում, նվեր֊տուփեր է տրամադրել բոլոր այն նորածիններին, ովքեր այսօր գտնվում են Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանն ասել է, որ օրվա ընթացքում վեց նվեր-տուփեր են բաժանել ծննդկաններին։



Ծրագրի շահառու Սաթենիկ Ծատրյանը «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամին իր շնորհակալությունն է հայտնել,ինչը Արցախի համար այս ծանր պայմաններում բավական ոգևորիչ է։


«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի Նեոնատոլոգիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ծննդատանը շարունակում են երեխաներ ծնվել և հաստատությունն էլ բնականոն կերպով շարունակում է իր աշխատանքը։


Աննա Աստվածատուրյան Թերքոթն ամերիկաբնակ հայ գրող է, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահը: Աննան նաև «Արտաքսում. դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամն իրականացնում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը: