հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սեպտեմբերից Արցախում բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների, հունվարի 1-ից՝ բոլորի համար․ Արայիկ Հարությունյան

Սեպտեմբերից Արցախում բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների, հունվարի 1-ից՝ բոլորի համար․ Արայիկ Հարությունյան

Արցախում ովքեր պետք է վիրահատվեն Հայստանի Հանրապետության բժշկական համակարգում, 100-տոկոսով ֆինանսավորելու է Կառավարությունը: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով անվճար, որակյալ և թափանցիկ առողջապահական համակարգ ստեղծելու առաջին քայլերի մասին:

«Թոշակառու սպաների համար ծրագիրը ևս կգործի: Սեպտեմբերի 1-ից Արցախյան, Հայրենական մեծ պատերազմների մասնակից և թոշակառու սպաների համար բժշկությունը կդառնա անվճար, իսկ հունվարի 1-ից անվճար կդառնա մեր մնացած հայրենակիցների համար»,- նշեց Հարությունյանը:

Նախագահը նշեց, որ արդեն հանձնարարել է, և այսօրվանից պետք է Արցախյան, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների սրտանոթային վիրահատությունների և ընդհանուր բուժման ֆինանսավորումն իրականացվի պետբյուջեի միջոցներով՝ Արցախում, նաև Հայաստանում:

Աշխատավարձերի բարձրացման մասով նախագահը հորդորեց համբերել և տեսնել, թե սեպտեմբերի 1-ից որքան է բարձրանում բժիշկների աշխատավարձը:

«Մենք նաև սկսել ենք մի ծրագիր. անպտղության բուժում և արհեստական բեղմնավորման մեթոդների կիրառման եղանակով մենք կլուծենք առաջին հերթին ժողովրդագրական խնդիր և մեր հայրենակիցների սոցիալական բեռի թեթևացման խնդիր: Արդեն ընտրված է 25 զույգ և մինչև տարեվերջ այդ զույգերի համար կիրականացվի ֆինանսավորում»,- նշեց Արցախի Հանրապետության նախագահը:

  • Կիսվել: