հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Արցախի նախագահի շնորհավորանքը՝ «վերջին զանգի» առթիվ

Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Արցախի նախագահի շնորհավորանքը՝ «վերջին զանգի» առթիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ, որում ասվում է.

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին:

Ուղերձում ասված է.

«Սիրելի ՛ շրջանավարտներ

Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետեւանքով առաջացած հիասթափությունը որեւէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաեւ հնարավորություն է:

Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարեւոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում  պետք է լինեք առաջատարը:

Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ եւս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաեւ պետության պահանջները: Հետեւապես, սովորելու եւ անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:

Սիրելի՛ շրջանավարտներ

«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական եւ բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»:

  • Կիսվել: