հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սատկած ձկներ՝ Խաչենի ջրամբարի ափերին

Սատկած ձկներ՝ Խաչենի ջրամբարի ափերին

«Բնապահպանական աղետ Արցախում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Դոլուխանյանը՝ կից տեղադրելով տեսանյութ, որտեղ Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին գտնվող Խաչեն ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են:

«Սա Խաչենագետի ջրամբարն է: Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Կոչ եմ անում պատկան մարմիններին' Բնապահպանության, Ջրային տնտեսության և իրավապահ մարմիններին զբաղվել այս խնդրով:

Հ.Գ. Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Սարսանգի ջրամբարի Դրմբոնի հանքի ափամերձ գոտում, որի մասին բոլորն աշխատել են լռել և աչք փակել»,- գրել է Դոլուխանյանը։

Այս գրառումից հետո Արցախի Հանրապետության բնապահպանական և բնական ռեսուրսների նախարարի խորհրդական Հարութ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նյութին ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ դեպքի մասին տեղյակ է պահել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետին ու բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետին։

«Առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար, կուսումնասիրվի նաև տեղանքը, որից հետո նոր միայն հնարավոր կլինի պարզել պատճառները։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է նախարարի տեղակալի կողմից»,- գրել է նա։

  • Կիսվել: