ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սա պայքար է ոչ թե շրջափակման դեմ, այլ մեր ամենակարևոր՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար. Արցախի պետնախարար

Սա պայքար է ոչ թե շրջափակման դեմ, այլ մեր ամենակարևոր՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար. Արցախի պետնախարար

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտում է՝ Լաչինի արգելափակման պայմաններում արցախցիների պայքարը ոչ թե պարզապես շրջափակման դեմ պայքար է, այլ պայքար է՝  ամենակարևոր իրավունքի՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար:  Վարդանյանն այս մասին ասաց «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում:

«Մենք 32-րդ օրն է՝ շրջափակման մեջ ենք: Դա նշանակում է, որ մենք ունենք խնդիրներ՝  պարենային ապրանքների հետ կապված, ենթակառուցվածքների հետ կապված, բժշկության հետ կապված և այլն: Մարդիկ կան, որոնք, ցավոք, մահացել են, և նրանց չեն կարողանում հողին հանձնել»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Արցախում խնդիրներ չկան՝ պետնախարարն ասաց, որ նրանք պարզապես չեն ուզում իրականությունն ընդունել: Ադրբեջանական կողմի հաշվարկներով այս 1 ամսվա մեջ միջանցքով անցել է 400 մեքենա, իսկ մինչև շրջափակումը 1 օրվա մեջ անգամ շատ ավելի շատ մեքենաներ են անցել, քան այս ամբողջ 1 ամսվա ընթացքում: Այսպիսով՝ ադրբեջանական կողմն էլ իր հայտարարություններով հաստատում է, որ Արցախում ճգնաժամ կա:  Վարդանյանը նշեց մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով կան անջատված ընտանիքներ: Խնդիրներն ամենուր են:

«Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այս ամենը մեզ ավելի միավորեց: Ժողովուրդը, պետությունը միասին այս դժվար ժամանակում միացել են: Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ դժվարությունները հաղթահարելու ոգին մեր մեջ արթնացել է: Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, մինչև այդ շրջաններում տեղն ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է մեր կողքին կանգնելու և դիմանալու այս ամենին: Սա ոչ թե շրջափակման դեմ պայքար է, այլ պայքար է՝ մեր ամենակարևոր իրավունքի համար, որ մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով և չպետք է ենթարկվենք ուրիշի պայմաններին: Այս հարցում հաստատակամությունը կա մարդկանց մոտ և ամեն օր ուժեղանում է»,- ասաց պետնախարարը:

  • Կիսվել: