շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սա մշակութային ցեղասպանություն է. ԵԽ պատգամավորը՝ ԼՂ մշակույթի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների մասին

Սա մշակութային ցեղասպանություն է. ԵԽ պատգամավորը՝ ԼՂ մշակույթի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների մասին

ԵԽ պատգամավորները ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ են անում փաստահավաք առաքելություն կազմակերպել և ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին ահազանգերը ստուգելու և իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար: Այս մասին ՛՛Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը՛՛ բանաձևի նախագծի քննարկման ժամանակ ասացին Եվրախորհրդարանի մի շարք անդամներ:

Նրանցից մեկը՝ կիպրոսցի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը, որը ներկայացնում է Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքը, ասաց, որ քաղաքակրթությունն ու մշակույթը պետք է հնարավորություն լինեն ժողովուրդներին իրար մոտեցնելու, բարեկամություն ստեղծելու, ոչ թե ատելության և թշնամանքի գործիք դառնան:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք գործ ունենք մի երկրի մշակութային ժառանգության հետ, և երբ այն ոչնչացվում է՝ դա միջազգային իրավունքի խախտում է: Եվրոպական միությունը պետք է ուշադրություն դարձնի այս ոչնչացմանը, քանի որ դա տեղի է ունենում համակարգված հիմունքներով: Սա մշակութային ցեղասպանություն է, և դրա ճանաչումը կենսական անհրաժեշտություն է:

Մենք դա տեսել ենք Սիրիայի Պալմիրայում, մենք դա տեսել ենք Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսում և տեսնում ենք Ղարաբաղում՝ Ադրբեջանի կողմից: Ուստի կարևոր է, որ մենք ճանաչենք այս մշակութային ցեղասպանությունը, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի հանդեպ՛՛:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը:

 

  • Կիսվել: