կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սա կյանքեր փրկելու խնդիր է. Կարմիր խաչի մարդասիրական ավտոշարասյուններին արգելվել է մուտք գործել ԼՂ. Figaro-ի անդրադարձը

Սա կյանքեր փրկելու խնդիր է. Կարմիր խաչի մարդասիրական ավտոշարասյուններին արգելվել է մուտք գործել ԼՂ. Figaro-ի անդրադարձը

Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը,  որն անցնում է Ադրբեջանի տարածքով, արդեն յոթ ամիս փակ է. մինչև հուլիսի 11-ը միայն Կարմիր խաչի ավտոշարասյուններին դեռևս թույլ էին տալիս անկլավի բնակչությանը՝ հիմնականում հայերին, օգտվել ճանապարհից՝ Երևանի հիվանդանոցում բուժում ստանալու կամ հարազատներ գտնելու համար։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն:

Թերթը նաեւ գրում է. «Այդ օրվանից, սակայն, ադրբեջանական իշխանությունները արգելել են նաեւ ԿԽՄԿ-ի մեքենաների տեղաշարժը՝ մեղադրելով Կարմիր Խաչի հայաստանյան մասնաճյուղին «մաքսանենգության» մեջ:

«Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ Աղդամը», - ասվում է երեքշաբթի, հուլիսի 25-ին միջազգային կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Այդ գործողությունները, սակայն, «էական են տարածաշրջանում», - նշել է Եվրասիայի գծով տնօրեն Արիանե Բաուերը՝ հիշեցնելով, որ ադրբեջանական շրջափակումը յոթ ամսվա ընթացքում լուրջ հումանիտար ճգնաժամ է ստեղծել ԼՂ-ի ներսում՝ սննդամթերքի և դեղորայքի պակասով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի անջատումով:

Հուլիսի 14-ին Ադրբեջանը թույլ է տվել Կարմիր Խաչին վերսկսել բժշկական տարհանումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան։ 34 հիվանդ կարողացել է տեղափոխվել, այնուամենայնիվ, դեղամիջոցներ ու սննդամթերք չեն առաքվել «մի քանի շաբաթ»՝ այդպիսով «տասնյակ հազարավոր մարդկանց» զրկելով «կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից»։ «Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով պակասում են և թանկանում, մինչդեռ որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, ձավարեղենը, ձուկը և հավը, ընդհանրապես չկան»,- կրկին ահազանգում է ԿԽՄԿ-ն։

«Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյունները փրկօղակ են այս տարածքի բնակչության համար»,- ասված է հաղորդագրությունում։ «Քանի որ այս ավտոշարասյունները արգելափակված են, մենք մտավախություն ունենք, որ հումանիտար իրավիճակը էլ ավելի կվատթարանա (...) Դա կյանքեր փրկելու խնդիր է»։

«Աղետի տարածք»

Հուլիսի 25-ի երեկոյան Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցան միաժամանակ երկու խոշոր ցույցեր՝ դատապարտելու ադրբեջանական շրջափակումը։ Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ահազանգելու Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումների մասին:

«Արդեն արձանագրվում է խրոնիկական հիվանդություններով նորածինների և տարեցների մահվան դեպքեր։ Դրանք շրջափակման ուղղակի կամ անուղղակի հետևանքն են»,- լրագրողներին ասել է նախագահը` նախքան շրջափակման բազմաթիվ հետևանքները թվարկելը։ Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանքների 80 տոկոսը չի հաջողվել իրականացնել։ Հասարակական տրանսպորտը ամբողջությամբ դադարել է գործել. առողջական առումով կրկնապատկվել է չծնված երեխաների և նորածինների մահացության և բարդությունների թիվը։ Հղիների մոտ անեմիան հասել է 90%-ի: Բոլոր փորձաքննություններն ու պլանավորված վիրահատությունները դադարեցվել են։ Ադրբեջանը 198 օր շարունակ դադարեցրել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Վերջապես, «40 օր է ոչ մի կիլոգրամ մթերք չի մտել Արցախ»:

Մինչ Կարմիր Խաչը կոչ էր անում Հայաստանին և Ադրբեջանին գտնել «մարդասիրական կոնսենսուս» օգնությունը վերսկսելու համար, Բաքուն հայտարարությունը որակել է որպես «քաղաքական սադրանք»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեղադրելով Հայաստանին, որ նա միակ պատասխանատուն է խաղաղ բանակցությունների դադարեցման, իր պայմանները հստակ դրել է. «Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ տեղ գտնեն ապրելու»: «Իմ դիրքորոշումը սա է. թող բոլորը լսեն դա: Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև այսօր նրանց աջակցող ուժերը, ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք դա ապացուցեցինք պատերազմի ժամանակ և դրանից հետո: Եվ եթե պետք լինի, մենք նորից կապացուցենք»,- մայիսին նա կրկին ասել է իր YouTube ալիքում։

  • Կիսվել: