երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ադրբեջանը փորձում է առանց ուժի կիրառման Արցախը հայաթափել. պատգամավոր

Ադրբեջանը փորձում է առանց ուժի կիրառման Արցախը հայաթափել. պատգամավոր

Ադրբեջանն, ըստ էության, Կոռնիձորի հատվածից փակել է ճանապարհը եւ իրականացնում է հսկիչ- անցագրային կետի աշխատանքներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սա Ադրբեջանի նախագահի այն սպառնալիքն է, որը դեռեւս 1-1.5 տարի առաջ հնչում էր եւ այս պահին իրականացվում է: Ընդ որում այն իրականացվում է Հայաստանի սահմանին բավականին մոտ տարածության վրա, դրանից մոտ 60-70 մետրի վրա գտնվում է ռուսական համապատասխան հենակետը եւ կարելի է ասել, որ ադրբեջանցիները այդ գործողությունը սկսելուց որոշակի շրջափակման մեջ են վերցրել նաեւ այդ հենակետը: Տեղում հիմնական գործողությունները իրականացնում են Ադրբեջանի ներքին զորքերը՝ փորձելով ասել, որ դա իրենց ներքին խնդիրն է եւ դրա տրամաբանության ներքո են գործողություններն իրականացնում»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում, առանց ուժի կիրառման Արցախը  փաստացի կհայաթափվի. «Այդ անցվակետի առկայությունը նշանակում է, որ Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղություններով ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումներն ամբողջությամբ տեղափոխվում են Ադրբեջանի վերահսկողության դաշտ՝ սկսած անձնագրային ռեժիմից  մինչեւ ուղեբեռի ստուգումը: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը բավականին մեծ հետախուզման ցուցակ ունի զինվորականներ, շարժման ակունքում գտնվող մարդիկ, նաեւ բոլոր այն ծառայողները, որոնք վերջին տասնամյակներում ՀՀ եւ արցախի զինված ուժերում են ծառայել, ապա հասկանալի է, թե դա ինչ անցանկալի հետեւանքներ կարող է առաջացնել տեղում»: 

Միաժամանակ, Աբրահամյանն ընդգծեց, որ որոշակի շրջափակման մեջ է վերցվել նաև ռուսական հենակետը․ «Ամբողջությամբ սահմանափակվել է ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռի փոխադրումն Արցախ։ Այս պայմաններում իրավիճակը ծայրահեղ ծանր է»։,- ասել է նա։

  • Կիսվել: