երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները Արցախում ձախողվել են. Վահրամ Բալայան

Ռուս խաղաղապահները Արցախում ձախողվել են. Վահրամ Բալայան

Մենք պետք է այդ հուզական դաշտից դուրս գանք եւ ճիշտ գնահատական տանք: Այս մասին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանը նոր փաստեր, ապացույցներ է ուզում, որ 2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանում է տեղի ունեցել, արդյոք դա ադրբեջանամետ դիրքորոշում չէ մեր դաշնակից ՌԴ-ի կողմից:

«Բնականաբար, այդպես պետք է ասվի: Այսօր ռուս խաղաղապահները շարունակում են մնալ Արցախում, նրանք որոշակի առաքելություն պետք է իրականացնեին, եւ պետք է ասել, որ դա ձախողվել է: Այդպես պետք է ներկայացվի:

Իրականության մեջ դա ցեղասպանական ակտ է եղել մեր ժողովրդի նկատմամբ, դա ակնհայտ փաստ է, որը պետք է ներկայացնենք աշխարհին, նորից ցույց տանք, որ մեր ժողովուրդը ամբողջական վերադարձի իրավունք ունի եւ պետք է պայքարի այդ իրավունքն իրացնելու համար»:

Ճշտող հարցին՝ Ռուսաստանի այս դիրքորոշւմն ինչպե՞ս է գնահատում, Վահրամ Բալայանն ասաց. «Ես չգիտեմ՝ իրենց ցանկությունը որն է, բայց մենք պետք է այդ փաստերը ներկայացնենք ամբողջ աշխարհին: Այդ փաստերը պետք է հավաքվի, իրավասու մարմիններին պետք է ներկայացվի, հհարցով շահագրգիռ երկրներին՝ ցույց տալով, որ այս ժողովրդի նկատմամբ կատարվել է ցեղասպանական գործողություն եւ մի ամբողջ ժողովուրդ հայրենազրկվել է»:

Հարցին՝ դուք Ռուսաստանին այդ ցեղասպանական գործողության մաս համարո՞ւմ եք, Վահրամ Բալայանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մաս չեմ համարում, այդպիսի գնահատական չպետք է տանք, որովհետեւ կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնենք: Ամեն անգամ նման գնահատականներ տալով մենք ինչ-որ ձեւով մեր հնարավորությունները ավելի սահմանափակում ենք»:

Նա հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտականությունները չեն կատարվել: Բալայանի խոսքով դեռ վաղ է գնահատական տալու համար, որ ռուս խաղաղապահներն իրենց անգործությամբ մաս են կազմել ցեղասպանությանը. «Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, ինձ թվում է, որ եղած հնարավորություններից մենք չպետք է զրկվենք, պետք է շարունակենք աշխատել՝ մեր ամբողջական վերադարձն ապահովելու տեսանկյունից: Այսինքն կարծում եմ՝ պետք չի շտապել ու այդպիսի գնահատականներ տալ»:

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:

  • Կիսվել: