ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահ ուժերը պարտավոր են ցույց տալ իրենց առաքելության մանդատի ուժը. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

ՌԴ խաղաղապահ ուժերը պարտավոր են ցույց տալ իրենց առաքելության մանդատի ուժը. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ռուսաստանի խաղաղապահ ուժերը նման դեպքերում պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը, քանզի այն, ինչ տեղի է ունենում Ասկերանում, ռուսական խաղաղապահների տիրույթում է: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ  կար լարվածություն, և պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայելային հետ քաշվելու գործընթաց սկսվեր, և դրա զրոյական կետը հենց ՌԴ զինված ուժերի կայանած դիրքերը պետք է լինեին, ինչը և արվել է։

՛՛Հիմա, երբ մենք պարտավորությունները, ըստ պայմանավորվածության, կատարում ենք, ադրբեջանական ուժերը կարողանում են հայտնվել ՌԴ խաղաղապահ դիրքերի թիկունքում և Արցախի Հանրապետության գյուղերից մեկի մատույցներում։ Եվ այդտեղ արդեն խնդիր է առաջանում ազգաբնակչության անվտանգության հետ։ Սա փաստորեն շարունակությունն է լարվածություն ստեղծելու տրամաբանության, որը պետք է կանխվի նաև ուժային միջամտության միջոցով, իսկ ուժային միջամտության իրավասություն այս պահին նաև ունեն ՌԴ խաղաղապահ ուժերը: Նման դեպքերում խաղաղապահ ուժերը պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը՛՛,-նշեց նա։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք դա նշանակու՞մ է, որ հայկական կողմը պատասխանատու չէ այդ հատվածի համար, Քոչարյանը պատասխանեց․ ՛՛Ոչ, որովհետև մենք ունենք Պաշտպանության բանակ, և այս պահին Պաշտպանության բանակն է, ըստ էության, ռազմական միջամտության միջոցով փորձում կանխել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը՛՛:

Նա նշեց նաեւ, որ ռուս խաղաղապահներն այս պահի դրությամբ որևէ փամփուշտ չեն կրակել, թեև խախտվել է նաև օդային սահմանը, քանի որ կիրառվել են ԱԹՍ–ներ, որոնց հարվածներից էլ տուժել են հայ զինծառայողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում, ինչը կասեցվել է:

Այսօր Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։ Ասկերանում կա 14 վիրավոր, գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: